N-0385 մոլեկուլը քթի մեջ օգտագործման դեպքում կարող է արգելափակել SARS-CoV-2 կորոնավիրուսի մուտքը մարդու բջիջներ: Այսպիսի եզրակացության են եկել Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Այս մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։
Մկների վրա անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ N-0385-ը կենդանիներին պաշտպանում է վարակից, ինչպես նաեւ բուժում է ապահովում վիրուսի հետ շփումից հետո 12 ժամվա ընթացքում ներարկելու դեպքում: Նախնական արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցը կանխում է COVID-19-ի զարգացումը, ինչպես նաեւ նվազեցնում է հիվանդության ծանրությունը եւ մահացությունը հետվարակային շրջանում։
Հետազոտողները հետեւել են մկների քաշին, քանի որ քաշի կորուստը ազդարարում է վարակի մասին եւ հիվանդության լավ ինդիկատոր է համարվում, եւ այլ կլինիկական ու պաթոլոգիական չափումներին, ինչպիսիք են ջերմաստիճանն ու մահացությունը, եւ վերլուծել են մկների հյուսվածքները՝ հասկանալու համար, թե կենդանիները որքան լավ են արձագանքում բուժմանը:
Լայն սպեկտրի թերապիան փորձարկվել է 2020թ․ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում հայտնաբերված առաջին շտամի, ինչպես նաեւ դելտա շտամի ենթարկված մկների վրա: Սակայն այս մոտեցումը չի փորձարկվել օմիկրոն տարբերակի վրա: Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ դեղամիջոցն արդյունավետ կմնա կորոնավիրուսի նոր տարբերակների դեմ պայքարում։






