COVID-19 կորոնավիրուսային վարակը, անգամ թեթեւ ձեւի դեպքում, կարող է ազդել ուղեղի վրա, հավաստիացնում են Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Ինչպես տեղեկացրել է համալսարանի մամուլի ծառայությունը, COVID-19-ի անգամ թեթեւ ձեւը կարող է առաջ բերել բորբոքումների մեծաքանակ օջախներ եւ ոչ մեծ արնազեղումներ։

Հետազոտությունն իրականացվել է կապիկների վրա, որոնք դիտարկումների ընթացքում COVID-19-ի լուրջ ախտանշաններ չեն ունեցել, ուստի մասնագետները չէին սպասում օրգանիզմի վրա զգալի բացասական ազդեցություն տեսնել։ Բայց, պարզվել է, որ օրգանիզմ թափանցելով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը առաջացնում է բորբուքումների մեծաթիվ օջախներ եւ արնահոսություններ անգամ այն կապիկների մոտ, որոնք ոչ մի արտաքին սուր շնչական ախտանշան չէին ունեցել։ Այսպիսի արդյունքներ են նկատվել երկու խմբերի փորձարկվող կապիկների մեծ մասի մոտ։

Որոշ դեպքերում հայտնաբերված պաթոլոգիաները հանգեցրել են նյարդային բջիջների զանգվածային ոչնչացման, որոնք ուղեղի որոշ հատվածներում հիպոքսիա էին առաջացրել։ Ըստ գիտնականների՝ այս երեւույթով կարելի է բացատրել գիտակցության մթագնումը եւ այլ խախտումներ, որոնք տեղի են ունենում գլխի հետ հիվանդության սուր փուլի ժամանակ։