Օրգանիզմը պետք է անընդհատ մաքրել, ինչպես նաեւ մատակարարել հանքային աղերով, թթվածնով եւ ջրով:Այս մասին դեկտեմբերի 19-ին մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆիզիկական կատարելության եւ շնչառական մարմնամարզության կենտրոնի տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանը:
Մարդու օրգանիզմը հիմնականում տուժում է նրանից, որ անբավարար քանակությամբ ջուր է ընդունում: Կանայք երիկամների, հոդերի խնդիրներից եւ երիտասարդ տարիքում կնճիռների առաջացումից խուսափելու համար պետք է մշտապես ջուր օգտագործեն՝ ելնելով «քաշը բաժանած 20-ի» նորմայից: Այսինքն, եթե կինը 60 կգ է, ապա նա պետք է օրվա ընթացքում 3 լիտր ջուր խմի: Մասնագետները խորհուրդ են տալիս ջուր չխմել սնունդ ընդունելու ժամանակ, քանի որ դա բացասական է ազդում ստամոքսի վիճակի եւ նրա գործունեության վրա: Մինչդեռ կան մարդիկ, ովքեր ջուր են խմում ճաշկերույթի ժամանակ։ «Եւ նրանց մենք խորհուրդ ենք տալիս կիտրոն ավելացնել չգազավորված ջրի մեջ»,-նշեց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ գազավորված ջուրը սոդա է պարունակում եւ խանգարում է մարսողության ընթացքին:
Ֆիզիլոգը ընդգծեց, որ յուրաքանչյուր ըմպելիք եւ սնունդ պետք է օգտագործել նորմալ չափակաքանակներով: «Նույնիսկ գազավորված ըմպելիքները, որոնց մասին մենք սարսափներ ենք լսում, կարելի է խմել , բայց օրական մեկ բաժակից ոչ ավելի», - նշեց Գրիգորյանը , ավելացնելով, որ «Ջերմուկը» պետք է օգատգործել նույն քանակությամբ, քանի որ այն հանքային աղեր է պարունակում, որոնց կարիքը օրգանիզմը տվյալ պահին կարող է չունենալ: Այս աղերը կարող են չյուրացվել օրգանիզմի կողմից:
Պետք չէ մեծ քանակությամբ սնունդ ուտել Նոր Տարվա տոնակատարության ժամանակ: Մարդիկ հաճախ խառնում են ճարպերը, սպիտակուցները եւ ածխաջրերը, որոնք բոլորը միասին կարող են դիսկոմֆորտ առաջացնել: Մրգերը պետք է ուտել մսային սնունդ ուտելուց մեկ ժամ առաջ, որպեսզի ստամոքը ի վիճակի լինի դրանք յուրացնել: Նոր Տարվա խնդիրն այն է, որ մարդիկ ուտում են ինչ պատահի, եւ հետո զարմանում, թե ինչու են վատ զգում իրենց: Կարտոֆիլը եւ հացը եւս պետք է ուտել մսից առանձին, քանի որ այս մթերքներն անհամտեղելի են, չնայած տարօրինակ ավանդական սովորություններին:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ցավոք այսօրվա դրությամբ հնարավոր չէ ապահովել նրանց անհրաժեշտ վիտամիններով, այդ պատճառով ծնողները պետք է կոմպենսացնեն սա տարին մեկ-երկու անգամ վիտամինային հավելումների միջոցով, որոնցում պետք է դրանց յուրացումը լավացնող սիլիցիում պարունակվի: Ընկույզը եւ սխտորը կօգնեն ազատվել օրգանիզմում առկա ճիճուներից, ցիտրուսները լավ օգնական կդառնան մրսածության ժամանակ: «Օրգանիզմը տոնուսի մեջ պահելու եւ մաքրելու լավագույն օգնականը ջուրն է՝ քացախի կամ կիտրոնի հյութով եւ մեկ թեյի գդալ մեղրով»,- իր խոսքը եզրափակեց ֆիզիոլոգը, ավելացնելով, որ այս ըմպելիքը շատ լավ օգնում է ամանորյա տոներին հաճախ առաջացող գլխացավերի ժամանակ:






