Այս գանգն ունի մոտ 5000 տարվա պատմություն: Այն հայտնաբերվել է Արտաշատի շրջանի Ջրահովիտ գյուղում՝ երրորդ հազարամյակի դամբարանադաշտում կատարված պեղումների ժամանակ: Այս մասին լրագրողներին պատմել է հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը:
Հնագետներին պեղումների ժամանակ սովորաբար հետաքրքրում են գործիքներ, զարդեր եւ այլ նման բաներ, իսկ հին կմախքները նրանց գրեթե չեն հետաքրքրում, այդ պատճառով էլ այս կմախքը նվիրել էին Հարություն Մինասյանին, ով հայկական բժշկության պատմության նվիրված մեծ հավաքածու ունի:
Այս գանգը տարբերվում է շատ այլ գանգերից, քանի որ նրա վրա կան ախտաբանության հետքեր՝ անցք ձախ հոնքի շրջանում եւ կոտրված ու կպած ոսկր:
Ի՞նչ անցք է դա: Որտեղի՞ց է այն հայտնվել:

Այն, իհարկե, կարող էր լինել վիրահատական միջամտության, օրինակ՝ տրեպանացիայի (գանգահատում, գանգոսկրահատում) արդյունք, սակայն, մասնագետների կարծիքով, այն հավանաբար հիվանդության հետեւանք է: Ամենայն հավանականությամբ, գանգի տերը ուներ մի հիվանդություն, որը քայքայում է գանգոսկրը՝ սիբիրախտով, սիֆիլիսով, ոսկրի տուբերկուլյոզով կամ ոսկրի քաղցկեղով: Փաստորեն, այս հիվանդություններն այն ժամանակ գուցե եւ շատ տարածված չէին, բայց գոյություն ունեին:
Գանգի տիրոջ կխամքը նույնպես բավական հետաքրքիր է. նրա սրունքոսկրերից մեկը՝ մեծ ոլոքը, մեծ կոտրվածքից հետո զարմանալիորեն ուղիղ էր կպչել:
«Ես ապշեցի, որ 5000 տարի առաջ մարդու ոսկրը կարող էր կոտրվել եւ այդքան ուղից կպնել», - պատմել է Հարություն Մինասյանը, հավելելով, որ, հավանաբար, 5000 տարի առաջ էլ Հայաստանի տարածքում օգտագործվում էր շինայի մեթոդը՝ կոտրվածքի շուրջը փայտեր էին դնում եւ կապում էին, որպեսզի ոսկորները ճիշտ եւ ուղից սերտաճեն:
Հիշեցնենք, որ Հարություն Մինասյանի հավաքածուն, որին պատկանում է այս գանգը, կազմված է մոտ 30 000 ցուցանմուշից, որոնց մեջ կան եւ այլ հետաքրքիր նմուշներ:


Նկարները՝ Հարություն Մինասյանի հավաքածուի կայքից






