Պահպանության հանձնված արյունը ժամանակի ընթացքում կոշտանալու եւ հետեւաբար՝ գործառնականությունը կորցնելու միտում է դրսեւորում: Այս մասին վկայում են Իլինոյսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները, որոնք Scientific Reports ամսագրում են հրապարակում գտել:

Միացյալ Նահանգներում գործող արյան բանկերը տարեկան ստացվող շուրջ 14 մլն՝ կարմիր հեղուկով լի սրվակների առավելագույնը 42-օրյա պահպանությամբ են զբաղվում: Հետազոտության հեղինակները հիշյալ ժամանակահատվածի ընթացքում արյան մեջ տեղի ունեցած փոփոխությունները վեր հանելու եւ դրանց՝ փոխպատվաստման դեպքում հիվանդի վրա հնարավոր ազդեցությունները պարզելու նպատակ են հետապնդել, հաղորդում է FoxNews-ը:

Գիտնականները, մասնավորապես, լույսի ինտերֆերենցիայի պատկերում են նախաձեռնել՝ միավոր ժամանակահատվածում արյան բջիջների հետ տեղի ունեցող փոփոխությունները բացահայտելու համար: Այնուհետեւ գիտահետազոտական խմբի անդամները արյան կարմիր բջիջների շուրջ գտնվող մեմբրաններն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ թեեւ դրանց մոտ, չափերի եւ հեմոգլոբինի բաղադրության տեսանկյունից, կայունություն է նկատվում, բայց եւ կոշտության մակարդակի փոփոխությունը կարող է օրգանիզմում առկա միկրոմազանոթների ուղղությամբ առաքվող թթվածնի մակարդակի նվազեցման հանգեցնել:

«Հետազոտությունը զարմանալի արդյունքների է հանգեցրել: Պարզվում է՝ պահպանության հանձնված՝ արտաքինից հրաշալի տեսք ունեցող արյունը ժամանակի ընթացքում աստիճանաբար գործառնականությունը կորցնելու միտում է դրսեւորում», - նշել է հետազոտության հեղինակ Գաբրիել Պոպեսկուն:

«Արյան միկրոշրջանառության պարագայում, հատկապես երբ խոսքն ուղեղի մասին է, բջիջները, խիստ նեղ մազանոթների միջով թթվածին փոխանցելու համար, սեղմվելու ընդունակություն պետք է դրսեւորեն, հակառակ պարագայում տվյալ օրգանին հաղորդվող թթվածնի մակարդակի անկում կարող է առաջանալ, ինչը բազմաթիվ կլինիկական բարդություններով է հղի: Ահա թե ինչու է ոսկրածուծը շարունակաբար արյան նոր կարմիր բջիջներ արտադրում. մարդու օրգանիզմում 100 օրականից մեծ բջիջներ չպետք է լինեն, քանի որ որոշ ժամանակ անց նրանք սեղմվելու ընդունակությունը կորցնելու հատկություն են դրսեւորում» - մեկնաբանել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Բաստանտա Բհադուրին:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել այն բժիշկների համար, որոնք ժամանակ առ ժամանակ անեմիայով տառապող հիվանդներին արյան կարմիր բջիջների փոխներարկում նշանակելու անհրաժեշտության առաջ են կանգնում: