Կապիկի ծաղիկը օրթոպոկսվիրուս է, էնդեմիկ Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայում։ Կապիկի ծաղիկ գրանցվել է շատ երկրներում, քանի որ դրա ինկուբացիոն շրջանը բավական երկար է, իսկ ուղեւորություններն աստիճանաբար ավելացել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների թուլացմամբ։

Այնուամենայնիվ, կապիկի ծաղկի ներկա բռնկումը տիպիկ չէ, քանի որ շատ դեպքեր կապված չեն Աֆրիկա ուղեւորությունների հետ։ Բացի այդ, նկատվել է հիվանդության տարածվածության աճ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց շրջանում։

Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Infection ամսագրում, տեղեկացվել է սեռական շփման միջոցով կապիկի ծաղկի հաստատված փոխանցման առաջին դեպքի մասին։

Հետազոտության օբյեկտ են հանդիսացել երկու սպիտակամորթ բրիտանացի տղամարդիկ (պացիենտ 1 եւ 2)։ Նրանք վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիայի տարածքից դուրս չեն եկել եւ այն շրջաններ մեկնելու մասին տեղեկություն չեն հայտնել, որտեղ այդ հիվանդությունը համարվում է էնդեմիկ։

Պացիենտ 2-ն տեղեկացրել է, որ հիվանդության պահին վերահսկել է մարդու իմունադեֆիցիտի վիրուսը (ՄԻԱՎ) եւ ստացել հակառետրովիրուսային թերապիա։ Մնացած հարցերում երկու պացիենտն էլ առողջ են եղել։

1 եւ 2 պացիենտները սեռական զուգընկերներ են։ Պացիենտ 1-ը տեղեկացրել է, որ տասն օր առաջ համբուրվել է երրորդ անձի հետ, որը բերանի խոռոչի վարակ է ունեցել։

Դրանից մեկ օր հետո երկու պացիենտն էլ տեղեկացրել են սպիտակ բծերի մասին ոտնաթաթերին եւ ցավոտ պերիանալ ախտահարումների մասին սեռական օրգանների վրա, որոնք հետո վերածվել են ցավոտ խոցերի։

Մաշկի ախտահարումներին հաջորդել են տենդը, գլխացավն ու լուծը։

Նախնական ախտորոշումը varicella-zoster վիրուսի կամ հերպեսի վիրուսի ծանր վարակն էր՝ լրացուցիչ բակտերիալ վարակով։ Երկու պացիենտներին նշանակվել են բարձր դեղաչափով հակավիրուսային եւ հակաբակտերիալ դեղամիջոցներ։

Երկու պացիենտների վիճակը վատացել է, նրանք հոսպիտալացվել են։ Պացիենտ 2-ն տեղեկացրել է նոր ախտահարումների մասին, մինչդեռ պացիենտ 1-ի մոտ նկատվել է վիճակի նկատելի բարելավում։

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ երկու պացիենտն էլ սոմատիկ առումով առողջ են եղել։

Գիտնականների կարծիքով՝ կապիկի ծաղկով վարակման հավանականությունը մեծ է տարիքային բոլոր խմբերի սեռապես ակտիվ անձանց համար։

Հետազոտողներն ընդգծել են բուժաշխատողներին պաշտպանության համապատասխան միջոցներով ապահովելու, ուսուցանելու եւ բուժման անհրաժեշտությունը, քանի որ վիրուսը 3-րդ կարգի պաթոգեն է։