Տարեց մարդկանց անբավարար ակտիվ վահանաձեւ գեղձը կարող է կտրուկ բարձրացնել թուլամտության առաջացման հավանականությունը, նշվել է նոր հետազոտությունում։

Տարիքը, սեռը եւ ռիսկի այլ գործոններ ճշտելուց հետո Բրաունի համալսարանի հետազոտողների խումբը հայտնաբերել է, որ 65-ից բարձր տարիքի հիպոթիրեոզ կամ անբավարար ակտիվ վահանաձեւ գեղձ ունեցող մարդիկ 81-ով ավելի շատ են ենթակա թուլամտություն ունենալու, քան նույն տարիքի, բայց վահանձեւ գեղձի խնդիր չունեցողները։

Հետազոտողները հայտնաբերել են տարեց մարդկանց (որոնց վահանաձեւ գեղձի հիվանդությունները պահանջում էին դեղորայքի ընդունում առանց հորմոնների փոխարինման) թուլամտության ռիսկի ավելի քան եռակի ավելացում։

Իրենց աշխատանքում, որը հրապարակվել է Neurology ամսագրում, հետազոտողները հայտարարել են, որ հույս ունեն, թե այդ արդյունքները «ավելի լավ են տեղեկացնում բժիշկներին եւ պացիենտներին թուլամտության ռիսկի գործոնների եւ բուժման հնարավոր մեթոդների մասին՝ կոգնիտիվ ունակությունների դանդաղումը կամ անդառնալի կորուստը կանխելու նպատակով»։

Հետազոտողները հայտնաբերել են, որ հիպոթիրեոզի պատմությունը կապված չէ 50-64 տարեկանների թուլամտության ռիսկի բարձրացման հետ։ Նրանք նաեւ պոտենցիալ կապ չեն հայտնաբերել հիպերթիրեոզի կամ վահանաձեւ գեղձի հիպերակտիվության եւ թուլամտության միջեւ։

Վերջին եզրահանգումը, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ հիպերակտիվ վահանաձեւ գեղձն արտադրում է չափից շատ թիրեոտրոպ հորմոն, որը խթանում է ուղեղը, նշել են հետազոտողները։