Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականներն աննախադեպ պատկերացում են կազմել քաղցկեղի դեմ պայքարի համար անհրաժեշտ հակամարմնի կարեւոր հատկությունների մասին։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում, ցույց է տվել, թե ինչպես կարող է հակամարմնի ճկունության փոփոխությունը ավելի ուժեղ իմունային պատասխան առաջացնել։

Ստացված արդյունքները թույլ են տվել Սաութհեմփթոնի գիտնականների թիմին մշակել հակամարմիններ իմունային բջիջների կարեւոր ռեցեպտորների ակտիվացման համար, որպեսզի «գործի գցեն» դրանք եւ ապահովեն ավելի հզոր հակաքաղցկեղային էֆեկտ։

Գիտնականների կարծիքով՝ իրենց ուսումնասիրության արդյունքները կարող են ճանապարհ բացել քաղցկեղի, ինչպես նաեւ աուտոիմունային այլ հիվանդությունների դեմ ուղղված հակամարմինների դեղաբանական հատկությունների կատարելագործման համար։

Հետազոտության ընթացքում խումբն ուսումնասիրել է CD40-ին ուղղված հակամարմինների դեղամիջոցները քաղցկեղի բուժման համար։ Կլինիկական աշխատանքը դժվարացել էր այն պատճառով, որ պարզ չէր, թե ինչպես պետք է անհրաժեշտ մակարդակի հասցնել ռեցեպտորները։ Խնդիրն այն է, որ եթե հակամարմինները չափազանց ակտիվ են, նրանք կարող են թունավոր դառնալ։

Սաութհեմփթոնի գիտնականների նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ IgG2 անվանմամբ հակամարմինների հատուկ տեսակը շատ հարմար է որպես դեղաբանական միջամտության նմուշ, քանի որ այն ավելի ակտիվ է, քան հակամարմինների մյուս տեսակները։ Սակայն պատճառը, թե ինչու է այն ավելի ակտիվ, չի պարզվել։

Հայտնի էր, սակայն, որ հակամարմինների «թեւքերի» միջեւ գտնվող կառույցը՝ այսպես կոչվող օղակը, ժամանակի ընթացքում փոխվում է։

Վերջին հետազոտությունն օգտագործել է այս հատկությունը եւ բացատրել, թե ինչպես է այն աշխատում. հետազոտողներն այդ գործընթացն անվանել են «երկսուլֆիդների փոխարկում»։

Իրենց հետազոտությունում Սաութհեմփթոնի գիտնականներն օգտագործել են կենսաբանական ակտիվության, կառուցվածքային կենսաբանության եւ հաշվողական քիմիայի համադրումը, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես է երկսուլֆիդների փոխարկումը փոխում հակամարմինների կառուցվածքն ու ակտիվությունը։

Մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ հետազոտողները հայտնաբերել են, որ ավելի կոմպակտ, կոշտ հակամարմիններն ավելի ակտիվ են, քան նրանց ճկուն անալոգները։