Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման համար շատ ժամանակ եւ փող կպահանջվի։ Մանրամասն նեյրոհոգեբանական զննումներից հետո բժիշկները ստիպված են լինում պացիենտի ներկայությամբ վերծանել եւ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր պատասխան։ Բայց Բոստոնի համալսարանի հետազոտողները  մշակել են նոր գործիք, որը կարող է ավտոմատացնել այդ գործընթացը եւ, ի վերջո, թույլ կտա այն իրականացնել օնլայն ռեժիմում։ Նրանց հաշվիչ մոդելը, որը հիմնված է մեքենայական ուսուցման վրա, կարող է որոշել կոգնիտիվ խախտումները նեյրոհոգեբանական թեստերի աուդիոձայնագրություններով՝ առանց անձնական ընդունման անհրաժեշտության։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia ամսագրում։

«Սա եւս մեկ քայլով մեզ մոտեցրել է ավելի վաղ միջամտությանը»,- նշել է հոդվածի համահեղինակ, Բոստոնի համալսարանի ինժեներային քոլեջի վաստակավոր պրոֆեսոր Իոանիս Պասխալիդիսը։

Նրա խոսքով՝ Ալցհեյմերի հիվանդությունն ավելի արագ եւ վաղ պարզելը կարող է նպաստել ավելի մասշտաբային կլինիկական փորձարկումների անցկացմանը, որոնք ուղղված են հիվանդության վաղ փուլում գտնվող մարդկանց ուսումնասիրությանը, եւ պոտենցիալ առումով հնարավոր կլինի կլինիկական միջամտություններ կատարել, որոնք կդանդաղեցնեն կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը։

Հետազոտական խումբը  օգտագործել է ավելի քան 1 000 մարդու նեյրոհոգեբանական հարցազրույցների ձայնագրությունները, հետազոտությունն իրականացվել է Բոստոնի համալսարանի ղեկավարությամբ եւ ուղղված է եղել սիրտ-անոթային հիվանդությունների եւ ֆիզիոլոգիական այլ վիճակների ուսումնասիրմանը։ Օգտագործելով խոսքի ճանաչման ավտոմատացված օնլայն-գործիքները եւ մեքենայական ուսուցման մեթոդը, որն անվանվել է բնական լեզվի մշակում, եւ որն օգնում է համակարգիչներին հասկանալ տեքստը, նրանք ստիպել են իրենց ծրագրին վերծանել հարցազրույցները, իսկ հետո կոդավորել դրանք թվերով։ Վերջնական մոդելը կարող է գնահատել մարդու կոգնիտիվ խախտումների հավանականությունն ու ծանրությունը՝ օգտագործելով ժողովրդագրական տվյալները, տեքստային կոդավորումները եւ իրական ախտորոշումները, որոնք կատարել են նյարդաբաններն ու նեյրոհոգեբանները։

Պասխալիդիսի խոսքով՝ մոդելը կարողացել է ոչ միայն ճիշտ տարբերել առողջ մարդկանց դեմենցիա ունեցող մարդկանցից, այլեւ հայտնաբերել թեթեւ կոգնիտիվ խախտումներ եւ դեմենցիա ունեցող մարդկանց միջեւ տարբերությունները։ Եվ, ինչպես պարզվել է, ձայնագրությունների որակը եւ այն, թե ինչպես են մարդիկ խոսել՝ նրանց խոսքը կերկերուն է եղել, արագ, թե մշտապես ձայնն իջել է, պակաս կարեւոր էին, քան այն բանի բովանդակությունը, ինչի մասին նրանք խոսում էին։