Համաձայն The Lancet ամսագրում հրապարակված նոր վերլուծության՝ երիտասարդներն ալկոհոլի օգտագործումից առողջական խնդիրներ ունենալու ավելի մեծ վտանգ ունեն, քան տարեցները:

Սա առաջին հետազոտությունն է, որը ալկոհոլի վտանգի մասին հայտնում է ըստ տարածաշրջանի, տարիքի եւ սեռի:

Հետազոտության համաձայն՝ ալկոհոլից ամենից շատ վտանգված են 15-ից 39 տարեկան տղամարդիկ: 204 երկրների տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ 2020 թվականի ընթացքում 1,34 միլիարդ մարդ վնասակար քանակությամբ ալկոհոլ է օգտագործել`հիմնականում 15-ից 39 տարեկան տղամարդիկ: Այս տարիքային խմբի համար ալկոհոլի օգտագործումը բազմաթիվ առողջական վտանգներ է պարունակում. ալկոհոլի հետ կապված վտանգների 60 տոկոսը տեղի է ունենում այս տարիքային խմբի մարդկանց պարագայում, ներառյալ ավտովթարները, ինքնասպանությունները եւ սպանությունները:

Հետազոտողները ուսումնասիրել են ալկոհոլի օգտագործման 22 առողջական խնդիրների միջոցով, ներառյալ վնասվածքները, սրտանոթային հիվանդությունները եւ քաղցկեղը, օգտագործելով 2020 թվականին 15-ից 95 տարեկան եւ ավելի բարձր տարիքի տղամարդկանց ու կանանց հիվանդությունների 1990-ից 2020 թվականների տվյալները՝ 204 երկրներում: Հետազոտությունը ներկայացնում է նաեւ, թե որքան ալկոհոլ կարող է օգտագործել մարդը՝ իր առողջությունը չվտանգելու համար:

Հայտնի է, որ առողջությանը վնաս հասցնող ալկոհոլի օրական չափաբաժինը տղամարդկանց համար 0,136, իսկ կանանց համար 0,273 լիտրն է: Մեկ ստանդարտ ըմպելիքը 10 գրամն է, որը, օրինակ, մեկ բաժակ գինի է, մեկ շիշ գարեջուր կամ մեկ բաժակ վիսկի:

Հետազոտության համաձայն՝ 40 տարեկանից բարձր մարդկանց պարագայում, որոնք առողջական խնդիրներ չունեն, փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը որոշ առավելություններ ունի, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի եւ շաքարային դիաբետի ռիսկի նվազումը: