Լասսա տենդը վիրուսային հիվանդություն է, որն ամենից հաճախ հանդիպում է Արեւմտյան Աֆրիկայում։ Ծանր դեպքերում դրանից մահացությունը հասնում է 15 տոկոսի, հղի կանանց մոտ՝ 90 տոկոսի, կենդանի մնացած մարդկանց մեկ քառորդի մոտ այն առաջացնում է խլություն, իսկ պատվաստանյութեր կամ հակավիրուսային դեղեր Լասսա վիրուսի դեմ պարզապես գոյություն չունեն։
Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, Լա Ջոլա իմունաբանության ինստիտուտի եւ Scripps Research հետազոտական կենտրոնի գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է կրիտիկականորեն կարեւոր Լասսա տենդի սպիտակուցը, որը կոչվում է պոլիմերազա, կառավարում վարակը՝ օգտագործելով բջջային սպիտակուցը մարդու օրգանիզմում։
Տեր հանդիսացող բջջի 42 սպիտակուցներից, որոնք փոխգործակցում են Լասսա պոլիմերազայի հետ, գիտնականները կենտրոնացել են մեկ թիրախի վրա, որը հարմար է բուժման համար՝ GSPT1։ Հետազոտողները պարզել են, որ GSPT1-ը կապված է Լասսա վիրուսի պոլիմերազայի հետ եւ կարող է նպաստել Լասսա վիրուսով վարակվելուն։
Հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են դեղի թեկնածու՝ CC-90009 անունով, որը, ինչպես ցույց է տրվել, քայքայում է GSPT1 սպիտակուցը եւ ներկայում կլինիկական փորձարկումներ է անցնում որպես քաղցկեղի դեմ թերապիա։
Հետազոտողները նշել են, որ հավանական է, որ այդ դեղամիջոցը կարող է օգտագործվել նաեւ որպես երկակի թերապիա այն պացիենտների համար, որոնք վարակվել են Էբոլա տենդով։






