ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է կապիկի ծաղիկի ախտորոշման թեստավորումը քաղաքացիների շրջանում Ռուսաստանից ստացված կոմպլեկտներով:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ թեստերը կատարվում են բոլոր կասկածելի դեպքերում: Սակայն մինչ այժմ արդյունքները բացասական են:
«Բայց դա չի նշանակում, որ մենք կդադարենք վերահսկողություն իրականացնել», - ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կապիկի ծաղիկի թեստային փաթեթներ է տրամադրել Անկախ Պետությունների Համագործակցության մի քանի լիիրավ եւ ասոցացված անդամների, այդ թվում Հայաստանին:
Թեստերը մշակել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ենթակայության տակ գտնվոց «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը:
Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում աշխատող բժիշկների համար «Վեկտոր»-ի մասնագետները նախատեսում են կապիկի ծաղիկի ախտորոշման սեմինարներ անցկացնել լաբորատորիաներում։






