Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն օրգանների ուլտրաձայնային հետազոտության համար սպեղանի են մշակել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Գիտնականների մշակումն իրենից ներկայացնում է փոստային նամականիշի չափով ուլտրաձայնային փոքրիկ սպեղանի, որը կարող է երկու օր սքանավորել արյունատար անոթները, մարսողական համակարգը եւ այլ օրգաններ՝ դինամիկ կերպով ցուցադրելով առողջական վիճակը։
Այս տեխնոլոգիան կարող է ավելի արդյունավետ լինել հիվանդությունների ախտորոշման եւ օրգանիզմի վիճակն ուսումնասիրելու համար։ Սպեղանին աշխատում է՝ օգտագործելով մեծ թվով փոքրիկ սենսորներ ՝ մաշկի միջով ուլտրաձայնային ալիքներ ուղարկելու համար:






