Արդյո՞ք սննդակարգի փոփոխություններով հնարավոր է ձերբազատվել երիկամների հիվանդությունից։ Օրհուսի համալսարանի նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, դա հնարավոր է։

Օրհուսի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի եւ կենսաբժշկության ֆակուլտետի դոցենտ Մարկուս Ռինշենը պարզել է, որ ամինաթթու լիզինի ընդունումը, որն առանց դեղատոմսի սննդային հավելում է, պաշտպանում է լաբորատոր կենդանիներին երիկամների վնասումից:

Հետազոտությունն անցկացվել է հիմնականում արյան բարձր ճնշումամբ` հիպերտոնիայով, եւ երիկամների ուղեկցող հիվանդությամբ առնետների վրա: Սակայն փոքր փորձնական հետազոտությունը հաստատում է, որ ամինաթթուն կարող է համանման ազդեցություն ունենալ մարդկանց վրա՝ առանց երիկամների հիվանդության կլինիկական ազդեցության կոնկրետ ապացույցների:

«Մենք պարզեցինք, որ երիկամների հիվանդությամբ մարդկանց եւ կենդանիների օրգանիզմում լիզինի ամինաթթվի արագացված փոխակերպում է տեղի է ունենում: Եւ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լիզին ընդունելը պաշտպանում է երիկամները եւ բավական արդյունավետ կերպով կանխում երիկամների հիպերտոնիկ հիվանդությունը, թերեւս՝ կենդանիների մոդելներում»,- բացատրում է Մարկուս Ռինշենը:

Ըստ գնահատականների՝ չափահաս բնակչության մինչեւ 10 տոկոսը տառապում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ, թեեւ այն հաճախ թեթեւ է ընթանում եւ առանց ախտանիշների: Երիկամների հիվանդության եւ երիկամների անբավարարության ամենատարածված պատճառներն են շաքարախտը կամ արյան բարձր ճնշումը, ինչը սրտի կաթվածի կամ ինսուլտի շատ ավելի մեծ ռիսկի է հանգեցնում:

Սակայն, ըստ Մարկուս Ռինշենի, ինքը չի կարողանա հիվանդներին բուժել կլինիկայում առնվազն հինգ տարի, եւ նա ընդգծում է, որ երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար դեռ վաղ է վազել եւ լիզինի հաբեր գնել։

«Մենք դեռ չգիտենք կողմնակի ազդեցությունները կամ հիմքում ընկած մեխանիզմները, իսկ մարդու նյութափոխանակությունը շատ ավելի բարդ է, քան առնետների նյութափոխանակությունը»,- նշել է նա:

Երկարաժամկետ հեռանկարում արդյունքը հատկապես կհետաքրքրի առողջապահության ոլորտի հետազոտողներին, բժիշկներին, նեֆրոլոգներին, ֆիզիոլոգներին, էնդոկրինոլոգներին և սննդաբաններին, նշում է հետազոտության հեղինակը։