Քրոնիկ սթրեսը կարող է օրգանիզմում մի շարք կենսաբանական փոփոխությունների հանգեցնել՝ բջջային մակարդակում վերափոխումից մինչեւ հորմոնների մակարդակի փոփոխություններ, եւ կարող է նպաստել առողջական բազմաթիվ խնդիրների առաջացմանը մեծահասակների մոտ: Իսկ եթե երեխաները պարբերաբար քրոնից սթրես են ունենում, ապա դա կարող է դանդաղեցնել նրանց աճը, գրում է News Medical Life Sciences-ը։

«Եթե ձեզ մոտ ամեն օր սթրեսի հորմոնների բարձր մակարդակ է գրանցվում, ապա այդ սթրեսի հորմոններն իրականում  կանգնեցնում են ոսկրերի աճը: Քրոնիկ սթրեսը ճնշում է երկու ամենահզոր հորմոնների արտադրությունը, որոնք նպաստում են ոսկրերի աճին: Դրանք աճի հորմոնը եւ աճի ինսուլինանման գործոնն է: Այդ հորմոնների պակասը կարող է կանգնեցնել հասակի աճը»,- բացատրում է Սպորտի, ֆիզիկական վարժությունների եւ առողջության գիտությունների դպրոցի կենսաբանական մարդաբանության փորձագետ, պատվավոր պրոֆեսոր Բարի Բոգինը:

Cuppa with a Scientist podcast-ի եթերում պրոֆեսոր Բոգինը պատմել է օրգանիզմի վրա սթրեսի ազդեցության եւ կենսաբանության ու մարդկային մշակույթի փոխազդեցության վերաբերյալ իր հետազոտության մասին:

Նա կիսվել է դիտարկումներով, որոնցում պարզել է, որ Գվատեմալայից միգրանտների երեխաները համեմատաբար կարճ ժամանակահատվածում ֆիզիկապես ավելի բարձրահասակ են դառնում ավելի բարեկեցիկ շրջաններ տեղափոխվելուց հետո:

Գիտնականի խոսքով՝ Գվատեմալան Ամերիկայի միակ երկիրն է, որտեղ ամենաշատ ցածրահասակ երեխաներն են՝ մինչեւ հինգ տարեկան բոլոր երեխաների 47 տոկոսը շատ ցածրահասակ է, եը դա նշան է, որ նրանց կենսապայմանները վատն են։ 1990-ականների սկզբին պրոֆեսոր Բոգինն այցելել էր Ֆլորիդայի դպրոց, որտեղ շատ աղքատ ընտանիքներից երեխաներ էին սովորում եւ որոնցից 200-ը մայաներ էին:

«Ես չափեցի երեխաներին, եւ նրանք արդեն երեք մատնաչափ բարձր էին Գվատեմալայի նույն սեռի եւ տարիքի երեխաներից»,- ասել է պրոֆեսոր Բոգինը:

«Այնուհետեւ 2000 թ. մարդաբան Ջեյմս Լյուկը եւ ես հայտնաբերեցինք, որ Ֆլորիդայի եւ Լոս Անջելեսի մայա երեխաները հինգ մատնաչափ բարձր էին, քան մայաների համայնքներից երեխաները, եւ այդ երեխաներից մի քանիսը ծնվել էին Գվատեմալայում»,- հավելել է նա։