Կենսակերպի եւ այլ գործոնների տարբերությունները կապված են ԱՄՆ տարբեր նահանգների բնակիչների կյանքի տեւողության մեծ տարբերությունների հետ, վկայում են 2020 թվականի տվյալները, որոնք հրապարակվել են National Vital Statistics Reports ամսագրում ։
«50 նահանգներից եւ Կոլումբիայի շրջանից Հավայան կղզիներն ունեն կյանքի ամենամեծ ակնկալվող տեւողությունը ծննդյան ժամանակ՝ 80,7 տարի 2020 թվականին, իսկ ամենացածրը Միսիսիպին՝ 71,9 տարի»,- եզրակացրել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հետազոտողները:
Տարբերությունների մեծ մասը բաժին է ընկել տարածաշրջանային առանձնահատկություններին՝ ամենաերկարը ապրում են Հավայան կղզիներում, հյուսիս-արեւմուտքում, Կալիֆոռնիայում եւ հյուսիս-արեւելքում ապրող ամերիկացիները: Հարավարեւելյան շրջանի բնակիչները, որպես կանոն, ունեն կյանքի ամենակարճ սպասելի տեւողությունը:
Կյանքի ամենամեծ տեւողությամբ նահանգների տասնյակը, ըստ տարիքի, հետեւյալն է.
- Հավայան կղզիներ - 80,7
- Վաշինգտոն - 79,2
- Մինեսոտա - 79,1
- Կալիֆոռնիա - 79
- Մասաչուսեթս - 79
- Նյու Հեմփշիր - 79
- Վերմոնտ - 78,8
- Օրեգոնա - 78,8
- Յուտա - 78,6
- Կոնեկտիկուտ – 78,4։
Կյանքի միջին տեւողությամբ վերջին տասնյակում ընդգրկված նահանգներն են՝
- Միսիսիպի - 71,9
- Արեւմտյան Վիրջինիա - 72,8
- Լուիզիանա - 73,1
- Ալաբամա - 73,2
- Կենտուկի - 73,5
- Թենեսի - 73,8
- Արկանզաս - 73,8
- Օկլահոմա - 74,1
- Նյու Մեքսիկո - 74,5
- Հարավային Կառոլինա - 74,8։
Ինչպես երեւում է երկրում կյանքի տեւողության այլ տվյալներից, համավարակը մեծ դեր է խաղացել ամերիկացիների կյանքի տեւողության կրճատման գործում:
«2019 թվականից մինչեւ 2020 թվականը բոլոր նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում կյանքի սպասվող տեւողությունը նվազել է»,- նշել են փորձագետները։
Որոշ նահանգներ ավելի շատ են տուժել, քան մյուսները. օրինակ՝ Նյու Յորքում համավարակի ժամանակ կյանքի տեւողությունը կրճատվել է երեք տարով, իսկ Լուիզիանայում՝ 2,6 տարով։
Մյուս կողմից, Հավայան կղզիները, կարծես թե, համեմատաբար չեն տուժել, եւ Ալոհա նահանգում կյանքի տեւողությունը 2019-2020 թվականներին կրճատվել է ընդամենը 0,2 տարով: Նյու Հեմփշիրում նվազումը կազմել է ընդամենը 0,4 տարի։
Կանայք շարունակում են շրջանցել տղամարդկանց՝ նրանք միջինը 5,7 տարով ավելի երկար կապրեն, քան նրանց հասակակից տղամարդիկ։






