Օպտոմետրիստի կողմից աչքի պարզ զննումը կարող է երեխաների մոտ աուտիզմ ախտորոշել, ասվում է Neurological Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ աուտիզմով երեխաների աչքերն ավելի դանդաղ են արձագանքում պայծառ լույսին։

Հետազոտողները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները ճանապարհ կհարթեն աուտիզմի «արագ եւ հեշտ» ախտորոշման համար, որը հաճախ երկարատեւ սթրեսային փորձառություն է ընտանիքների համար:

Նրանք կարծում են, որ ուշացած արձագանքը վկայում է այն մասին, որ ուղեղի նյարդերն իրենց ամբողջ ներուժով չեն գործում:

Աուտիզմը եւ դրա հետ կապված հիվանդությունները, ինչպիսիք են Ասպերգերի համախտանիշը, ազդում են բրիտանացի 100 երեխայից մեկի եւ ամեն 44-րդ ամերիկացի դեռահասի վրա:

Այս հիվանդության ախտորոշումը, ինչպես հայտնի է, դժվար է, քանի որ բժշկական թեստեր գոյություն չունեն, ուստի բժիշկները պետք է հիմնվեն երեխայի զարգացման պատմության եւ վարքի վրա:

Այդ պատճառով ԱՄՆ-ում երեխաները սովորաբար պաշտոնապես ախտորոշվում են միայն չորս տարեկանում, մինչդեռ Մեծ Բրիտանիայում միջին տարիքը վեցն է:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հետազոտել են 6-ից 17 տարեկան 60 երեխայի աչքեր: Նրանցից 36-ի մոտ ավելի վաղ աուտիզմ էր ախտորոշվել, իսկ մնացած երեխաների մոտ՝ ոչ։

Գիտնականները ձեռքի սարք են օգտագործել, որը կոչվում է պուպիլոմետր, որը վառ լույս է արձակում եւ վաճառվում է օպտիկաների մեծ մասում: Նրանք մեկ առ մեկ ստուգում էին երեխաների աչքերը՝ չափելով բիբերի լուսային ռեֆլեքսը՝ գիտական ​​տերմին, որը ցույց է տալիս, թե որքան արագ է աչքի բիբը փոխվում իր ձեւը՝ ի պատասխան պայծառ լույսի:

Արդյունքները վերլուծելուց հետո նրանք պարզել են, որ աուտիզմով երեխաների մոտ ռեֆլեքսային ռեակցիայի ժամանակը զգալիորեն հետաձգվում է մյուս երեխաների համեմատ. արձագանքելու համար աչքերին ավելի երկար ժամանակ է պահանջվում, ինչպես նաեւ ավելի շատ ժամանակ է պահանջում նորմալ վիճակին վերադառնալու համար: