Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Addiction գիտական ամսագրում, ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ռեկրեացիոն կանաբիսի լեգալացումը, ինչպես երեւում է, հանգեցրել է միջինը 20 տոկոսով կանաբիսի օգտագոծման ավելացման։
Հետազոտությունը ռեկրեացիոն կանաբիսի լեգալացման հետեւանքները գնահատել է միաձու երկվորյակների մեծ ընտրանքում։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացրել միաձու երկվորյակների 111 զույգեր, որոնցում երկվորյակներից մեկն ապրում էր այն նահանգում, որտեղ քաղաքականությունը ռեկրեացիոն կանաբիսի նկատմամբ տարբերվել է մյուս նահանգի քաղաքականությունից։ Երկվորյակները շատ լավ ստուգիչ խումբ են ներկայացնում եւ թույլ են տալիս ավելի ճշգրիտ գնահատել ռեկրեացիոն լեգալացման պատճառային փոխազդեցությունը, քան ոչ ազգակից մարդկանց հետազոտությունը։
Դիտարկելով հետազոտության բոլոր մասնակիցներին (1 425 մարդ, որոնք ապրել են կանաբիսի ռեկրեացիոն օգտագործումը լեգալացնող նահանգներում, եւ 1 997 մարդ, որոնք ապրել են այն նահանգներում, որտեղ կանաբիսի օգտագործումն արգելված է)՝ հետազոտությունը պարզել է, որ կանաբիսի օգտագործումը մոտ 24 տոկոսով ավելացել է՝ դրա լեգալացման հետ կապված։ Եթե դիտարկենք միայն միաձու երկվորյակներին, որոնք ապրել են տարբեր քաղաքականություն ունեցող նահանգներում, ապա «լեգալ» նահանգում ապրող երկվորյակը կանաբիս օգտագործել է մոտավորապես 20 տոկոսով ավելի հաճախ, քան «անլեգալ» նահանգում ապրող իր երկվորյակը։
Կանաբիսը ամենատարածված, բայց դաշնային մակարդակով արգելված թմրանյութն է ԱՄՆ-ում։ Մինչեւ 2014թ. ռեկրեացիոն նպատակներով ԱՄՆ-ի ոչ մի նահանգում կանաբիս չէր կարելի լեգալ ճանապարհով գնել կամ վաճառել։ 2022թ. սկզբին ավելի քան 141 մլն ամերիկացի ապրում էր այն նահանգներում, որտեղ կանաբիսը լեգալացվել է ռեկրեացիոն նպատակներով։






