Իրանի հատվածում մի քանի ավելորդ կիլոգրամը ոչ միայն վկայում է այն մասին, որ դուք պետք է կրճատեք կալորիաները եւ մարզվեք: Որովայնի ավելցուկային ճարպը նախազգուշացում է նաեւ, որ սրտի անբավարարության բարձր ռիսկ կա, ասվում է Բարսելոնայում Սրտաբանության եվրոպական միության կոնգրեսում ներկայացված հետազոտության մեջ, գրում է Daily Mail-ը։
Օքսֆորդի համալսարանի գիտնականները նշել են, որ յուրաքանչյուր ավելորդ սանտիմետրն իրանի հատվածում մեծացնում է ռիսկը 11 տոկոսով եւ ավելի մեծ վտանգ է ներկայացնում սրտի առողջության համար, քան ընդհանուր քաշը:
Գիտնականները վերլուծել են 40-70 տարեկան 430 հազար բրիտանացիների տվյալները, որոնց հետեւել են միջինում 13 տարի: Պարզվել է, որ գոտկատեղի առողջ չափի յուրաքանչյուր լրացուցիչ սանտիմետրը կապված է սրտային այնպիսի իրադարձությունների ռիսկի հետ, ինչպիսիք են սրտի կաթվածը, ինսուլտը կամ անկանոն ռիթմը:
Ամենամեծ իրանով մարդկանց մեկ հինգերորդի մոտ տուժելու հավանականությունը 3.21 անգամ ավելի մեծ է, քան հետազոտության՝ ավելի փոքր իրան ունեցող մասնակիցների մեկ հինգերորդի դեպքում:
Սակայն մարմնի զանգվածի ամենաբարձր ինդեքսով (BMI) մարդիկ, որը հաշվի են առնում քաշը եւ հասակը, տուժելու հավանականությունը 2.65 անգամ ավելի մեծ է եղել, քան մարմնի զանգվածի փոքր ինդեքս ունեցողների դեպքում: Մարմնի զանգվածի ինդեքսի յուրաքանչյուր լրացուցիչ միավոր 9 տոկոսով ավելացնում էր սրտի անբավարարության հավանականությունը։
Հետազոտության ընթացքում գրանցվել է սրտի առաջին անբավարարության 8669 դեպք, որոնցից շատերը մահվան են հանգեցրել:
Առաջատար հետազոտող դոկտոր Այոդիպուպո Օգունթադեն խորհուրդ է տալիս ամեն տարի չափել ձեզ՝ ռիսկը վերահսկելու համար:
Սրտի անբավարարությունը տեւական վիճակ է, երբ սիրտը չի կարողանում մղել արյունն օրգանիզմով եւ շնչառության պակաս եւ այլ ախտանիշներ է առաջացնում: Երեք բրիտանացիներից երկուսն ավելորդ քաշ կամ գիրություն ունեն, իսկ սրտի եւ արյան շրջանառության հիվանդությունները կազմում են Մեծ Բրիտանիայում մահացության դեպքերի մեկ քառորդը, որոնք օրական խլում են գրեթե 500 կյանք:






