Որքան շուտ է մարդու մոտ 2-րդ տիպի շաքարախտ կամ հիպերտոնիա զարգանում, այնքան շուտ կարող է նրա մոտ բաց անկյունային գլաուկոմա առաջանալ, որն անդառնալի կուրության գլխավոր պատճառն է ամբողջ աշխարհում, հայտնում են Հարավարեւմտյան համալսարանի գիտնականները վերջին հետազոտության մետմեջ: Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Clinical Ophthalmology ամսագրում, կարող են բաց անկյունային գլաուկոմայի սկրինինգային տվյալների բարելավման հանգեցնել, որին բաժին է ընկնում գլաուկոմայի բոլոր դեպքերի մինչեւ 90 տոկոսը:

Առաջնային բաց անկյունային գլաուկոմայով տասնյակ միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում։ Քանի որ վաղ փուլերում ախտանշանները քիչ են, ախտորոշումը հաճախ կատարվում է ավելի ուշ փուլերում, երբ տեսողությունն արդեն ամբողջությամբ վնասված է: Թեեւ հետազոտողները բաց անկյունային գլաուկոմայի ռիսկի մի քանի գործոն են  հայտնաբերել, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարախտը, հիպերտոնիան, միգրենը եւ քնի օբստրուկտիվ ապնոեն, այնուհանդերձ, թե ինչպես դրանք կարող են նպաստել առաջնային բաց անկյունային գլաուկոմայի առաջացմանը, դեռ հասկանալի չէ։

Այս հարցին պատասխանելու համար հետազոտողները տվյալներ են հավաքել առաջնային բաց անկյունային գլաուկոմայով 389 հիվանդների բժշկական գրառումներից, ովքեր 2019-ի հունիսից մինչեւ 2019-ի դեկտեմբեր Հարավարևմտյան համալսարանի ակնաբուժական կլինիկա են ընդունվել: Վիիճակագրական մոդելավորման միջոցով հետազոտողները միգրենի եւ/կամ ապնոեի եւ բաց անկյունային գլաուկոմայի առաջացման տարիքի միջեւ կապ չեն հայտնաբերել։ Սակայն հետազոտողները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարախտի եւ/կամ հիպերտոնիայի ախտորոշման տարիքն էականորեն կապված է առաջնային բաց անկյունային գլաուկոմայի առաջացման հետ. որքան ավելի վաղ է հիվանդների մոտ ախտորոշվել այդ հիվանդություններից որեւէ մեկը կամ երկուսը, այնքան ավելի վաղ է նրանց մոտ բաց անկյունային գլաուկոմա զարգացել։

Հետազոտության հեղինակները նշել են, որ 2-րդ տիպի շաքարախտը եւ հիպերտոնիան հիվանդություններ են, որոնք ազդում են օպտիկական նյարդի եւ ցանցաթաղանթի արյունատար անոթների վրա՝ այդպիսով պոտենցիալ փոփոխություններ առաջացնելով, որոնք հիվանդներին հակված են դարձնում առաջնային բաց անկյունային գլաուկոմային: Եթե ​​ապագա հետազոտություններում այդ կապերը հաստատվեն, ապա 2-րդ տիպի շաքարախտը եւ հիպերտոնիան կարող են ավելացվել այն գործոնների ցանկին, որոնք կարող են երաշխավորել առաջնային բաց անկյունային գլաուկոմայի սքրինինգը եւ հիվանդության ավելի վաղ ախտորոշման հանգեցնել` պահպանելով տեսողությունը եւ հիվանդների կյանքի որակը: