Պլաստիկ խաղալիքները, ինչպիսիք են արձանիկները, տիկնիկները եւ Լեգոն, վտանգ են ներկայացնում երեխաների առողջության համար, նախազգուշացնում են մասնագետները: Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց մեծ մասը թունավոր քիմիական նյութերի վտանգավոր մակարդակ է պարունակում, որոնք կարող են դանդաղեցնել երեխայի աճը եւ կապված են քաղցկեղի եւ անպտղության հետ:

Շվեդիայից գիտնականներն ուսումնասիրել են երկու վնասակար թունավոր նյութերի մակարդակն ավելի քան 150 հին եւ նոր խաղալիքներում: Թեեւ տասը նոր խաղալիքներից մոտ երեքը գերազանցել են ԵՄ-ում եւ Մեծ Բրիտանիայում սահմանված նորմերը, հին խաղալիքների ավելի քան 80 տոկոսը չեն համապատասխանել պահանջներին: Որոշ հին խաղալիքների մեջ «հավերժական քիմիկատների» կոնցենտրացիան, որոնց քայքայման համար կարող են տարիներ պահանջվել, գերազանցել է սահմանված նորմերը 400 անգամ։

Գյոթեբորգի համալսարանի մասնագետները փորձարկել են 157 տարբեր խաղալիքներ, այդ թվում՝ գնդակներ, տիկնիկներ, արձանիկներ եւ հագուստի իրեր, ֆտալատների կամ քլորացված պարաֆինների առկայության համար:

Առաջինները քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են պլաստմասսաներն ավելի ամուր դարձնելու համար, որոնք հաճախ պլաստիկացնողներ են կոչվում: Վերջիններս օգտագործվում են խաղալիքները ոչ դյուրավառ դարձնելու համար եւ թունավոր են համարվում մարդկանց համար: Ֆտալատները կապված են ասթմայի, կրծքագեղձի քաղցկեղի, գիրության, շաքարախտի, ցածր IQ-ի, զարգացման եւ պտղաբերության խնդիրների հետ:

Համարվում է, որ այս կոշտ քիմիական նյութերը, հայտնվելով օրգանիզմում, խանգարում են մեր ներքին համակարգերին եւ վնասում ԴՆԹ-ն, ինչը կարող է քաղցկեղի հանգեցնել: ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի օրենքների համաձայն՝ արտադրողները չեն կարող խաղալիքի կշռի 0.1 տոկոսից բարձր ֆտալատներ  օգտագործել։

Կարճ շղթայով քլորացված պարաֆինների սահմանաչափը 0.15 տոկոս է:

Սակայն հետազոտությունւ ցույց է տվել, որ նոր խաղալիքների 30 տոկոսն այս սահմաններից բարձր մակարդակներ է պարունակում: