Ծխող ծնողների զավակները 55 տոկոսով ավելի հաճախ են էլեկտրոնային սիգարետներ փորձում։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը ներկայացվել է Բարսելոնում, Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրեսում, գրել է News Medical Life Sciences-ը։
Իռլանդացի դեռահասների մասշտաբային հետազոտության ընթացքում գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ էլեկտրոնային սիգարետներ փորձած դեռահասների թիվը կտրուկ ավելանում է, եւ չնայած տղաներն ավելի հաճախ են էլեկտրոնային սիգարետ ծխում,աղջիկների թիվն ավելի արագ է աճում։
Հետազոտությունն անցկացրել է Իռլանդիայի առանց ծխախոտի հետազոտական ինստիտուտի (TFRI) մասնագետների խումբը Դուբլինում։ Նրանք ուսումնասիրել են 17-18 տարեկան 6 216 դեռահասների տվյալները, ներառյալ տեղեկությունն այն մասին, թե ծխել են արդյոք նրանց ծնողները, երբ նրանք մեծանում էին։ Դեռահասներին հարցրել են՝ արդյո՞ք նրանք ծխում են, թե՞ էլեկտրոնային սիգարետ են օգտագործում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հավանականությունն այն բանի, որ ծխող ծնողների դեռահաս երեխաները փորձել են էլեկտրոնային սիգարետներ, մոտավորապես 55 տոկոսով ավելի բարձր էր, իսկ ծխելու հավանականությունը բարձր էր 51 տոկոսով։
Հետազոտողների թիմը հավաքել է նաեւ այլ տվյալներ՝ ավելի ամբողջական ուսումնասիրություն կատարելու համար՝ ավելի քան 10 000 իռլանդացի դեռահասների մասին տեղեկությամբ, որպեսզի պարզի դեռահասների ընդհանուր թիվը, որոնք փորձել կամ մշտապես օգտագործում են էլեկտրոնային սիգարետներ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ էլեկտրոնային սիգարետներ փորձողների բաժինն ավելացել է՝ 2014թ. 23 տոկոսից 2019թ. հասնելով 39 տոկոսի։
Դեռահասներն էլեկտրոնային սիգարետներ փորձել են հիմնականում հետաքրքրասիրությունից (66 տոկոս) եւ այն պատճառով, որ ընկերներն են ծխել (29 տոկոս)։ Միայն 3 տոկոսն է ասել, որ ցանկանում է թողնել ծխելը։ Նրանց թիվը, ովքեր ասել են, որ երբեք ծխախոտ չեն օգտագործել, երբ առաջին անգամ էլեկտրոնային սիգարետ են փորձել, ավելացել է՝ 2015թ. 32 տոկոսից 2019թ. հասնելով 68 տոկոսի։






