Իսրայելում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ 16-ից 19 տարեկան տղամարդկանց մոտ միոկարդիտի վտանգը մոտ 1/15000 է կազմում Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութի երրորդ դեղաչափից հետո, ասվում է Circulation ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Մի քանի նախորդ հետազոտություններ եւ զեկույցներ ամբողջ աշխարհի հանրային առողջապահական գործակալություններից մատնանշել են հնարավոր կապը եւ միոկարդիտի զարգացման հավանական մեծ ռիսկը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո:

Համարվում է, որ միոկարդիտն առաջանում է վիրուսային վարակի հետեւանքով եւ սրտամկանի պատի միջին շերտի` սրտամկանի բորբոքում է հանդիսանում։ Այդ պայմանը հազվադեպ է եւ կարող է ժամանակավոր կամ ընդմիշտ թուլացնել սրտի մկանները եւ սրտի էլեկտրական համակարգը, որն ապահովում է սրտի նորմալ բաբախյունը:

Վերջերս Իսրայելի Առողջապահության նախարարությունը հրապարակել էր հետազոտությունների արդյունքները, որոնք մանրամասն նկարագրում են հետպատվաստումային միոկարդիտը երկրում COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափերից հետո: Միոկարդիտի հաճախականությունը ցածր էր, սակայն COVID-19-ի երկրորդ պատվաստումից հետո այն նկատվում էր հիմնականում երիտասարդ տղամարդկանց մոտ, ինչը թույլ է տալիս ենթադրել պոտենցիալ կապի գոյությունը պատվաստանյութի եւ միոկարդիտի միջեւ։

Վերլուծությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութը (3-րդ դեղաչափը) ստանալուց հետո առաջին 30 օրվա ընթացքում միոկարդիտի 100 (91) դեպք է գրանցվել, ինչպես նաեւ բոլոր տարիքային խմբերում միոկարդիտի զարգացման ռիսկը տղամարդկանց մոտ գրեթե ինը անգամ ավելի բարձր է եղել, քան կանանց մոտ (1.42-ը 0.16-ի դեմ): Միոկարդիտի զարգացման ամենաբարձր ռիսկը եղել է 16-19 տարեկան տղամարդկանց մոտ՝ 6 դեպք 100000 մարդուց, որին հաջորդում են 20-24 տարեկան (5.21 դեպք 100000-ից), 30-39 տարեկան (1.81 դեպք 100000-ից) եւ 25-29 տարեկան (0,79 դեպք 100000-ից) տղամարդիկ: