Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ COVID-19 համավարակի ժամանակ Մինեսոտայում ցիտոմեգալովիրուսով (ՑՄՎ) ծնված երեխաների թիվը զգալիորեն նվազել է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ համավարակին նախորդող հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր 200 երեխայից մոտ մեկը ՑՄՎ-ով է ծնվել: 2020 թվականի օգոստոսից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում այս թիվը նվազել է մինչեւ 1000-ից մեկ երեխա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում:
Ցիտոմեգալովիրուսը ամենատարածված վիրուսն է, որը նորածինների մոտ բնածին արատներ եւ հաշմանդամություն է առաջացնում:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ խիստ հիգիենայի նախազգուշական միջոցների կիրառումը, տանը մնալու պրակտիկան եւ ամենակարեւորը՝ մանկական խնամքի հաստատությունների եւ խմբակային ցերեկային կենտրոնների փակման համադրումը հանգեցրել է ՑՄՎ վիրուսի փոխանցման նվազմանը երեխաներին եւ նրանց մայրերին՝ համավարակի ընթացքում։ Մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող կանայք կարող են իրենց երեխայից վարակվել: Եթե դա տեղի ունենա հղիության ժամանակ, ապա հաջորդ երեխան կարող է ծնվել վարակված եւ հաշմանդամության զրգացման, հատկապես լսողության կորստի ռիսկի ենթարկվել:
Հետազոտական խումբը խորհուրդ է տալիս հետագա տեղեկատվական քարոզարշավներ անցկացնել՝ ցիտոմեգալովիրուսի մասին գիտելիքների եւ իրազեկվածության բարձրացման համար:






