32-ամյա տղամարդը երկու ամիս փոքր բալոնից ազոտի օքսիդ (ուրախացնող գազ) շնչելուց հետո մասամբ կաթվածահար է եղել։ Դեպքի մասին զեկույցը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:

Ուրախացնող գազը օգտագործվում է բժշկության մեջ, տեխնիկական նպատակներով, սննդի արդյունաբերության մեջ, փուչիկներ լցնելու համար։ Դա անգույն գազ է՝ հաճելի հոտով եւ քաղցրավուն համով։ Վերջերս մարդիկ սկսել են ավելի հաճախ այն օգտագործել հաճույք ստանալու համար։

Տղամարդը շտապ օգնությանն է դիմել վեց շաբաթ անց այն բանից, երբ սկսել է ծակոցներ զգալ ձեռքերում եւ երկու շաբաթ անց այն բանից, երբ չի կարողացել շարժել ոտքերը: Բժիշկները նրա մոտ ենթասուր համակցված դեգեներացիա են ախտորոշել, մի վիճակ, երբ ողնաշարը սկսում է քայքայվել վիտամին B12-ի պակասի հետեւանքով։

Վերջին ժամանակներս տղամարդը ուրախացնող գազով սարքեր է օգտագործել։ Այս սարքերը վերջին տարիներին տարածում են գտել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեռահասների շրջանում:

Ազոտի օքսիդի օգտագործումը վիտամին B12-ի դեֆիցիտի հայտնի պատճառ է, գազը կարող է այն ապաակտիվացնել օրգանիզմում:

Այս վիտամինն անհրաժեշտ է ուղեղի եւ ողնուղեղի նյարդային բջիջների պահպանման համար, եւ դրա պակասը մարդուն դնում է նյարդային համակարգի լուրջ խնդիրների վտանգի տակ:

Գազը շնչելը նաեւ կապված է արյան ցածր ճնշման, ուշագնացության, սրտի կաթվածի եւ հանկարծակի մահվան հետ: