Գիտնականները պարզել են, որ շիզոֆրենիայի եւ երկբեւեռ խանգարման զարգացման ռիսկը կարող է հայտնաբերվել այս հիվանդությունների առաջացումից մի քանի տարի առաջ:
Դուբլինի համալսարանական քոլեջի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հոգեկան խանգարումներով մարդկանց 50 տոկոսը մանկության տարիներին օգտվել է երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջության մասնագիտացված ծառայություններից:
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են World Psychiatry ամսագրում, վկայում են ավելի վաղ միջամտության եւ նույնիսկ կանխարգելման հնարավորության մասին, ըստ Դուբլինի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Յան Քելլեհերի:
Նոր ուսումնասիրության մեջ հետազոտողները օգտագործել են Ֆինլանդիայի առաջատար առողջապահական ռեգիստրները՝ 1987 թվականին ծնված բոլոր մարդկանց մանկության եւ պատանեկության ընթացքում հետեւելու համար, որպեսզի պարզեն, թե արդյոք նրանք ծնունդից մինչեւ 17 տարեկանը երբեւէ հաճախել են երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջության մասնագիտացված հաստատությություններ՝:
Օգտագործելով հիվանդի եզակի նույնականացուցիչները՝ հետազոտողները կարողացել են հետեւել այս բոլոր մարդկանց մինչեւ 28 տարեկանը եւ պարզել, թե նրանցից ում մոտ է հետագայում ախտորոշվել շիզոֆրենիա կամ երկբեւեռ խանգարում։
Նրանք պարզել են, որ փսիխոզի կամ երկբեւեռ խանգարման զարգացման ռիսկը մինչեւ 28 տարեկանը կազմել է 1,8 տոկոս այն մարդկանց համար, ովքեր չեն հաճախել երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջության մասնագիտացված հաստատություններ: Սակայն նրանց համար, ովքեր դեռահասության տարիներին հաճախել են երեխաների եւ դեռահասների հոգեկան առողջության մասնագիտացված կենտրոններ, ռիսկը կազմել է 15 տոկոս, իսկ նրանց համար, ովքեր հոսպիտալացվել են մանկական եւ դեռահասների հոգեկան առողջության մասնագիտացված հաստատություններ՝ 37 տոկոս:






