Մի շարք հետազոտությունների նոր ակնարկը ցույց է տալիս, որ հազվադեպ դեպքերում կապիկի ծաղիկը կարող է լուրջ նյարդաբանական բարդություններ առաջացնել, այդ թվում՝ ջղացնցումներ եւ ուղեղի բորբոքում:

Ակնարկի մասին զեկույցը հրապարակվել է eClinicalMedicine առցանց ամսագրում: Այդ եզրակացությունը հիմնված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Աֆրիկայում անցկացված 19 հետազոտութունների վերլուծության վրա:

Բոլոր հետազոտություններում օգտագործվել են մայիսին սկսված կապիկի ծաղիկի վերջին բռնկումից առաջ հավաքված տվյալները: Հետազոտողները նախազգուշացնում են, որ պարզ չէ, թե անցյալ բռնկումների փորձը որքանով է կիրառելի ներկայիս հիվանդության համար, քանի որ վիրուսի տեսակները, բժշկական սպասարկումը եւ հիվանդների պրոֆիլները կարող են շատ տարբեր լինել:

Գիտնականների խոսքով՝ կապիկի ծաղիկը մաշկային հիվանդություն է համարվում, սակայն ջրծաղիկը` հարակից վիրուսային վարակը, կապված է լուրջ նյարդաբանական բարդությունների հետ, եւ նրանք որոշեցին պարզել՝ արդյո՞ք նման ինչ-որ բան կա կապիկի ծաղիկի դեպքում։

Հետազոտություններին մասնակցել է մոտ 1500 հիվանդ, որոնցից 1000-ի մոտ կապիկի ծաղիկ է հաստատվել։

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիան եւ անհանգստությունը տարածված ախտանշաններ են կապիկի ծաղիկ տարածների մոտ, ինչպես նաեւ՝ մկանային ցավերը, հոգնածությունը եւ գլխացավերը:

Ինչ վերաբերում է ավելի հազվադեպ ախտանիշներին, ապա հետազոտության հեղինակները նշել են, որ դիտարկվող ոչ բոլոր հետազոտություններն են տվյալներ պարունակել բոլոր տեսակի նյարդաբանական բարդությունների վերաբերյալ: Սակայն, համադրելով տվյալները, հետազոտական ​​թիմն ի վերջո ջղացնցումների վտանգը 2.7 տոկոս է գնահատել, շփոթության ռիսկը՝ 2.4 տոկոս, իսկ էնցեֆալիտի (ուղեղի բորբոքում) զարգացման ռիսկը՝ 2 տոկոս։

Հետազոտողները նշել են, որ հիվանդների մեծ մասը, որոնց մոտ ուղեղի բորբոքում է առաջացել, այդ ժամանակ հոսպիտալացվել են եւ ուստի արդեն լուրջ հիվանդ էին։

Ընդ որում, ակնարկը չի պարզել, որ ծանր բարդությունները հատուկ էին միայն շատ խոցելի խմբերին։

Միեւնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ այս վերջին բռնկման ժամանակ ռիսկի խմբում գտնվողները խելամիտ կվարվեն, եթե օգտվեն կապիկի ծաղիկի դեմ Jynneos պատվաստանյութից: