ԱՄՆ-ում վիրուսաբանները ստեղծել են վիրուսի նոր տեսակ, որը մկների շրջանում 80 տոկոսանոց մահացության է հանգեցրել։ Այս մասին հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։
Թերթը նշում է, որ Բոստոնի համալսարանի Հեռանկարային վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի աշխատակիցները ստեղծել են հիբրիդային վիրուս, որը համադրում է օմիկրոնը եւ Ուհան քաղաքի բնօրինակ շտամը: Մկների վրա կատարված փորձերը մահացության 80 տոկոս մակարդակ են ցույց տվել: Միեւնույն ժամանակ, առանձին, օմիկրոն շտամը մկների մոտ առաջացնում է մեղմ ախտանիշներ, իսկ առանձին՝ կորոնավիրուսի սկզբնական տարբերակը հանգեցնում է 100 տոկոս մահացության։
Գիտնականները նաեւ ուսումնասիրել են մարդու թոքերի բջիջների վրա լաբորատոր պայմաններում աճեցված տարբեր շտամների ազդեցությունը: Արդյունքում պարզվել է, որ հիբրիդային շտամը հինգ անգամ ավելի շատ վիրուսային մասնիկներ է արտադրում, քան օրիգինալ օմիկրոնը։ Միաժամանակ, հետազոտողները կարծում են, որ հիբրիդային վիրուսը դժվար թե նույնքան մահացու լինի մարդկանց համար, որքան կրծողների համար:
Ամերիկացի գիտնականների աշխատանքը քննադատության է արժանացել միջազգային գիտական շրջանակներում, ընդգծում է Daily Mail-ը։ Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողները նշել են, որ «նման փորձերը կրակի հետ խաղ են», քանի որ դրանք «կարող են նոր համավարակի պատճառ դառնալ»։ Նրանց գնահատմամբ՝ «վիրուսների ամրապնդմանն ուղղված փոփոխություններն անընդունելի են», դրանք «պետք է արգելվեն» օրենսդրական մակարդակով։
Լրատվամիջոցներում հետազոտության քննադատությունից հետո գիտնականներն ասել են, որ իրենք սկզբնական շտամն ավելի վտանգավոր չեն դարձրել: «Դա չի ուժեղացրել SARS-COV-2 վիրուսի շտամը (2020 թվականի սկզբնական վիրուսը) եւ այն ավելի վտանգավոր չի դարձրել… Փաստացի, այս ուսումնասիրությունը վիրուսի կրկնօրինակումը դարձրել է ավելի քիչ վտանգավոր»,- լրագրողներին ասել է համալսարանի ներկայացուցիչը (մեջբերումն ըստ Boston Herald-ի): Համալսարանը կարծում է, որ հետազոտությունը կարեւոր տեղեկատվություն է տալիս հիվանդություն առաջացնելու օմիկրոն շտամի ունակության մասին:






