Ավարտվել են HEPLISAV-B պատվաստանյութի փորձարկումները, որոնցից երեք չափաբաժինները հանգեցնում են հեպատիտ B-ի նկատմամբ իմունիտետի ձեւավորմանը մարդու իմունային անբավարարության վիրուսի կրողների մոտ: Այս մասին հայտնում է ՄԻԱՎ-ի կլինիկական փորձարկումների խմբի (ACTG) մամուլի ծառայությունը։

«Հեպատիտ B-ն հաճախ ազդում է ՄԻԱՎ վարակակիրների վրա: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իմունադեֆիցիտով հիվանդները, ովքեր նախկինում չեն վարակվել այս տեսակի հեպատիտով, լիովին պաշտպանված են վարակից HEPLISAV-B պատվաստանյութի երեք ներարկումներից հետո»,-ասել է ACTG-ի նախագահ Ջուդիթ Քարիերը:

Հեպատիտ B-ն ավելի վարակիչ է, քան ՄԻԱՎ-ը, եւ դրա մասնիկները կարող են երկար ժամանակ գոյատեւել մարդու մարմնից դուրս: Որպես կանոն՝ մարդկանց մեծամասնության իմունիտետն ինքնուրույն է հաղթահարում վարակը, սակայն թուլացած իմունային համակարգ ունեցող անհատների համար այն լուրջ վտանգ է ներկայացնում:

HEPLISAV-B պատվաստանյութը ստեղծվել է 2010 թվականի կեսերին ամերիկյան Dynavax ընկերության կողմից։