Մեծահասակների 57 տոկոսը սովորաբար վեր չի կենում անկողնուց զարթուցիչի առաջին զանգից հետո, այլ մնում է անկողնում մինչեւ երկրորդ կամ երրորդ զանգը, վկայում է Ինդիանայի Նոտր Դամի համալսարանի քնաբանների նոր հետազոտությունը։
Ինչպես նշվել է Sleep ամսագրում հրապարակված հոդվածում, զարթուցիչի զանգերը տեսականորեն կարող են ընդհատել քնի շրջափուլը՝ դժվարացնելով արթնանալը։ Այդ պատճառով մարդիկ կիսաքուն վիճակում սեղմում են զարթուցիչի զանգը կրկնող կոճակը, բայց զանգի անջատումը մի քանի րոպեով պարզապես մարմինը բերում է քնի հաջորդ փուլ, որն այնուհետեւ նորից ընդհատվելու է։
Քնի վրա զարթուցիչի զանգի հետաձգման ազդեցության հետազոտությունները շատ չեն, եւ դրանց մեծ մասը վերցվել է քնի կամ սթրեսի հետ կապված վարքագծի հետազոտություններից։ Ուստի, Նոտր Դամի համալսարանի գիտնականները քնի մասին հարցում են իրականացրել 450 մեծահասակների շրջանում, որոնց նաեւ տրամադրել են ակտիվության թրեքեր։
Արդյունքում պարզվել է, որ զարթուցիչի զանգի կրկնությունը կապված է եղել օրվա ընթացքում քայլերի փոքր քանակի եւ քնի խանգարումների հետ։ «Բուերն» ավելի հաճախ են սեղմել զանգը կրկնելու կոճակը եւ տեղեկացրել են ավելի շատ հոգնածության մասին առհասարակ։
Գիտնականները պարզել են նաեւ, որ կանայք 50 տոկոսով ավելի հաճախ են քնում զարթուցիչի զանգն անջատելուց հետո, քան տղամարդիկ, երիտասարդները նույնպես ավելի հաճախ են ննջել զարթուցիչի առաջին զանգից հետո, քան մեծահասակների մյուս խմբերը։ Գիտնականների կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ մարդիկ քնից չեն կշտացել։ Նրանք նաեւ նշել են, որ բռնի արթնացումը բացասաբար է ազդում մարդու վիճակի վրա։ Հեղինակները հետագայում նախատեսում են հետազոտություն կատարել հարցվողների ավելի մեծ ընտրանքի ընդգրկմամբ։






