Ինսուլինանման INSL3 պեպտիդային հորմոնը, որը տղամարդկանց մոտ առաջանում է սեռահասունացման շրջանում, կարեւոր դեր է խաղում ավելի հասուն տարիքում որոշակի հիվանդությունների առաջացման վաղ ախտորոշման գործում։ Այսպիսի եզրահանգման են եկել Նոթինգհեմի համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Frontiers in Endocrinology ամսագրում։
INSL3 հորմոնն արտադրվում է ամորձիների այն նույն բջիջներում, որոնք արտադրում են տեստոստերոն։ Բայց տեստոստերոնի մակարդակը տատանվում է տղամարդու կյանքի ողջ ընթացքում, իսկ INSL3-ի մակարդակը, սկսած սեռահասունացման շրջանից, մնում է անփոփոխ, միայն փոքր-ինչ պակասում է ծեր տարիքում։ Ինչպես պարզել են գիտնականները, այն կարող է տարիքային տարբեր հիվանդություններն ախտորոշող բիոմարկերի դեր խաղալ, օրինակ՝ ոսկրերի թուլության, սեռական դիսֆունկցիայի, դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների։
Թիմը վերլուծել է 3 հազար տղամարդու արյան նմուշները երկու փորձանոթներում՝ վերցված չորս տարվա միջակայքով։ Արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն տեստոստերոնի՝ INSL3-ը մնում է անփոփոխ մակարդակով, ընդ որում՝ յուրաքանչյուր տղամարդու հորմոնի խտության մակարդակն արյան մեջ անհատական է։ Այս հորմոնի անփոփոխ բնույթի բացահայտումը շատ կարեւոր է. դա նշանակում է, որ երիտասարդ տարիքում INSL3-ի բարձր մակարդակ ունեցող տղամարդու մոտ այն բարձր կլինի նաեւ ծեր տարիքում, ինչը տղամարդուն ավելի քիչ է ենթարկում տարիքային հիվանդություններով հիանդանալու վտանգին։
Գիտնականների կարծիքով՝ հորմոնի քանակի վրա ազդում է սնունդը մանուկ հասակում։ Հետագա հետազոտություններում գիտնականները ծրագրում են ավելի լավ ուսումնասիրել, թե ինչն է ազդում արյան մեջ հորմոնի մակարդակի վրա։






