E129 սննդային ներկը կարող է նպաստել  աղիների կոլիտի թեթեւ ձեւի զարգացմանը, պարզել են կանադացի գիտնականները:

Գոյություն ունեն աղիքների մի քանի քրոնիկ բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են Քրոնի հիվանդությունը կամ խոցային կոլիտը, որոնց համար արդյունավետ բուժում չկա։ Այս մասին հայտնում է ՄքՄասթերի համալսարանի մամուլի ծառայությունը: 

Համալսարանի պրոֆեսոր Վալիուլ Խանը եւ նրա գործընկերները պարզել են, որ այդ հիվանդությունների որոշ ձեւերի զարգացմանը նպաստում է վառ կարմիր գույնի սննդանյութը՝ E129-ը։ Այն օգտագործվում է զովացուցիչ ըմպելիքների, հրուշակեղենի, մանկական դեղամիջոցների եւ կոսմետիկայի արտադրության մեջ։

Կանադացի գիտնականներն ուսումնասիրել են ներկանյութի ազդեցությունը մարդու բջիջների կուլտուրաների եւ մկների աղիների վրա եւ պարզել, որ E129 մոլեկուլների մուտքը մարդու բջիջների կուլտուրաներ խանգարել է սերոտոնին հորմոնի մոլեկուլների արտադրությանը, որը կարեւոր դեր է խաղում աղիների աշխատանքի կառավարման գործում:

Հետազոտողները վերլուծել են, թե ինչպես են ներկանյութի տարբեր չափաբաժիններն ազդել կոլիտի թեթեւ ձեւ ունեցող առողջ մկների եւ կրծողների աղիների աշխատանքի վրա: Փորձերը ցույց են տվել, որ ներկանյութերով սնունդը նպաստել է բորբոքումների զարգացմանը եւ առողջ մկների մոտ աղիքային պատերի թափանցելիության բարձրացմանը, ինչպես նաեւ կոլիտ է առաջացրել կրծողների մոտ, որոնք հակված են այս հիվանդության զարգացմանը: