Գայլախտի զարգացումն ուղեկցվում է իմունային բջիջների ներսում երկաթի արագացված կուտակմամբ, հաստատել են ԱՄՆ-ից մոլեկուլային կենսաբանները։ Հիվանդ մկների օրգանիզմում այս գործընթացի ճնշումը նվազեցրել է աուտոիմուն հիվանդության ախտանիշների սրությունը: Աշխատանքը հրապարակվել է Science Immunology ամսագրում, հայտնել է Վանդերբիլթի համալսարանի մամուլի ծառայությունը։

«Մենք նկատել ենք, որ գայլախտով հիվանդների մեծ մասի T բջիջներում կա երկաթի ավելցուկ, որի պատճառներն ու հետեւանքները ի սկզբանե մեզ համար պարզ չէին: Մեր կողմից անցկացված փորձերը ցույց են տվել, որ երկաթի ավելցուկը խաթարում է միտոքոնդրիումների աշխատանքը եւ խաթարում է գեների տարբեր շղթաների աշխատանքը, ինչը հանգեցնում է բորբոքումների եւ այլ խանգարումների զարգացմանը», - ասել է Նեշվիլի (ԱՄՆ) Վանդերբիլթ համալսարանի գիտաշխատող Քելսի Վոսը:

Համակարգային կարմիր գայլախտը աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը ախտահարում է հոդերը, մաշկը, երիկամները, արյան բջիջները, ուղեղը, սիրտը եւ թոքերը։ Ամենաբնորոշ ախտանիշը դեմքին թիթեռի թեւերի նմանվող ցանն է:  Գայլախտի դեմ դեղամիջոց դեռ չկա, բայց բուժումը կարող է օգնել վերահսկել ախտանիշները:

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են TH-17 բջիջների առողջ եւ պաթոգեն ձեւերի ներբջջային գործընթացները եւ հայտնաբերել, որ գայլախտ կրողների իմունային մարմիններում առկա են երկաթի բազմաթիվ միացություններ, նույնիսկ երբ հիվանդները տառապում են սակավարյունությունից:

Թիմն ուսումնասիրել է, թե ինչպես է երկաթը կուտակվում պաթոգեն T բջիջներում եւ ինչ հետեւանքների է դա հանգեցնում։ Փորձերը ցույց են տվել, որ երկաթի մուտքի հիմնական ուղին CD71 բջջային ընկալիչն է: Դրա բարձր ակտիվությունը հանգեցնում է T-բջիջներում երկաթի կուտակմանը եւ դրանց միտոքոնդրիումների գործունեության   խաթարմանը, ինչպես նաեւ առաջացնում է բորբոքման հետ կապված գենային շղթաների աշխատանքի խանգարումներ:

Մկների վրա հետագա փորձերը ցույց են տվել, որ հակամարմինների միջոցով CD71-ի աշխատանքի ճնշումը զգալիորեն նվազեցրել է T բջիջներում երկաթի մակարդակը եւ գայլախտի ախտանիշների սրությունը: Սա հույս է ներշնչում, որ կմշակվեն դեղամիջոցներ, որոնք կարգելափակեն երկաթի կուտակումը գայլախտ կրող TH-17 բջիջներում եւ կպաշտպանեն դրանք հիվանդության ծանր ախտանիշների զարգացումից: