Ըստ Weill Cornell Medicine-ի գիտնականների հետազոտության՝ կաթվածները գլխուղեղի ախտահարված մանր արյունատար անոթներում գենային ակտիվության փոփոխություններ են առաջացնում: Այս փոփոխությունները կարող են թիրախ դառնալ գոյություն ունեցող կամ ապագա դեղամիջոցների համար՝ գլխուղեղի վնասվածքների թերապիայի, կաթվածից հետո վերականգնման համար, հայտնում է Medical Xpress-ը։
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ հետազոտողները կատարել են կաթվածից հետո ուղեղի մանր արյունատար անոթներում գենային ակտիվության փոփոխությունների նախակլինիկական մոդելի համապարփակ ամփոփում: Համեմատելով այս փոփոխությունները կաթվածով հիվանդների մոտ գրանցվածների հետ՝ նրանք ցուցակավորել են հարյուրավոր գեներ՝ նշանակալի փոփոխություններով, որոնք առաջացել են կաթվածի հետեւանքով եւ, հավանաբար, որոնք կապ ունեն մարդկանց կաթվածների հետ:
«Մեր արդյունքները ապահովում են գիտելիքների բազա, որը բարելավում է կաթվածի մասին մեր պատկերացումը եւ մատնանշում կոնկրետ մոլեկուլներ եւ պաթոլոգիական գործընթացի ուղիներ: Դրանք այժմ կարող են ուսումնասիրվել որպես ապագա կաթվածի բուժման հնարավոր թիրախներ», - ասում է հետազոտության ավագ հեղինակ, պաթոլոգիայի եւ լաբորատոր բժշկության դոցենտ, Weill Cornell Medicines-ի Մոլեկուլյար եւ անոթային հետազոտությունների լաբորատորիայի գլխավոր հետազոտող, բժիշկ Թերեզա Սանչեսը:
«Ավելի հաճախ են տեղեկություններ հայտնվում այն մասին, որ անոթային հիվանդությունները կապված են կոգնիտիվ խանգարումների եւ դեմենցիայի հետ, նպաստում են դրանց առաջացմանը:
Այս ուսումնասիրությունը հայտնաբերել է մոլեկուլային առանձնահատկություններ, որոնք կապված են ուղեղի անոթային անոմալիաների հետ կաթվածից հետո, որը դեմենցիայի հիմնական պատճառն է»:
Կաթվածն արդեն երկար ժամանակ մահացության եւ երկարատեւ անաշխատունակության հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում: Կաթվածների ճնշող մեծամասնությունը իշեմիկ կաթվածներ են, երբ արյան թրոմբը փակում է ուղեղը սնուցող անոթը։ Արյան հոսքի խցանումը կամ կտրուկ նվազումը նվազեցնում է թթվածնի եւ սննդարար նյութերի մատակարարումը ուղեղի բջիջներին: Սա հանգեցնում է նեյրոնների մահվան եւ հրահրում է բորբոքային գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել բջիջների հետագա վնասմանը:
Ուղեղի մանր արյունատար անոթները կամ «ուղեղային միկրոանոթները» խցանվելուց հետո նույնպես վնասվում են, համարվում է, որ դրանց փոփոխությունները հետագայում նպաստում են կաթվածից հետո վնասմանը: Այս միկրոանոթային փոփոխությունները տեխնիկապես դժվար էր ճշգրիտ գրանցել, դրանք այդքան լավ չեն ուսումնասիրվել եւ հատուկ բուժում չունեն:
Հետազոտության ընթացքը եւ արդյունքները
Նոր ուսումնասիրության մեջ բժիշկ Սանչեսը եւ համահեղինակներից կազմված նրա թիմը՝ Քերի Կալեգարին, Սաբյասաչի Դաշը եւ Հիրոկի Ուչիդան, օգտագործել են կաթվածից վնասված անոթները ուսումնասիրելու նորագույն մեթոդներ: Նրանք մկների ուղեղի միկրոշրջանառական ընթացքի մեջ գեների ակտիվության հետկաթվածային փոփոխություններ են գրանցել եւ բացահայտել փոփոխություններ, որոնք նկատվել են նաեւ կաթվածով հիվանդների մոտ:
Թիմը հայտնաբերել է 541 գեն, որոնց գործունեությունը նույն կերպ փոխվել է կաթվածից հետո եւ՛ մկների, եւ՛ մարդու ուղեղի մազանոթներում: Այս գեները խմբերի բաժանելով՝ կախված նրանց ֆունկցիոնալ դերից եւ հիվանդությունների հետ կապից՝ նրանք մի քանի հիմնական կլաստերներ են առանձնացրել։
Դրանց շարքին են դասվում կլաստերներ, որոնք կապված են ընդհանուր բորբոքման, գլխուղեղի բորբոքման, անոթային հիվանդությունների եւ անոթային դիսֆունկցիայի տեսակների հետ, որոնք կարող են հանգեցնել ուղեղի միկրոանոթների ոչ հերմետիկության: Այս ոչ հերմետիկությունը ենթադրում է «հեմատոէնցեֆալ պատնեշի»՝ ուղեղի անոթների բջջային թաղանթի թուլացում, որն իրականացնում է պաշտպանիչ գործառույթ՝ կանխելով շրջանառվող արյան բաղադրիչների մեծ մասի մուտքը ուղեղ։
«Մենք հայտնաբեցինք, որ կաթվածից հետո որոշ մոլեկուլներ են ակտիվացել, որոնք թուլացրել են հեմատոէնցեֆալ պատնեշը: Մինչդեռ մյուսները, որոնք պետք է պաշտպանեն հեմատոէնցեֆալ պատնեշը, ճնշվել են», - ասել է բժիշկ Սանչեսը: «Սա հաստատում է կաթվածից հետո հեմատոէնցեֆալ պատնեշի խանգարումների կլինիկական դիտարկումները»:
Տվյալների վերլուծությամբ հայտնաբերվել է սֆինգոլիպիդների մակարդակը վերահսկող գեների բնականոն գործունեության խախտում։ Ճարպերի հետ կապված այս մոլեկուլները ակտիվորեն մասնակցում են արյունատար անոթների աշխատանքին, դրանց բնականոն աշխատանքի խախտումը նկատվում է կաթվածի, աթերոսկլերոզի եւ անոթային դեմենցիայի դեպքում:
Թիմը հայտնաբերել է, որ սֆինգոլիպիդների որոշ տեսակներ ավելի բարձր են արյան անոթներում, քան ուղեղի հյուսվածքներում: Գիտնականները նաեւ փոփոխություններ են հայտնաբերել հիմնական մոլեկուլներում, որոնք վերահսկում են այս լիպիդների մակարդակը: Այս արդյունքները կարող են նոր նպատակներ սահմանել դեղաբանների համար, որոնք աշխատում են ուղեղի արյան շրջանառության խախտումների բուժման դեղերի ուղղությամբ:
Նույնականացված մոլեկուլներից մի քանիսն արդեն օգտագործվում են որպես թիրախներ այլ պաթոլոգիական վիճակների բուժման համար, ինչը կարող է հեշտացնել այդ դեղամիջոցների կրկնակի օգտագործումը կաթվածի եւ դեմենցիայի բուժման համար:
Բժիշկ Սանչեսը եւ նրա թիմը ներկայումս իրականացնում են նախակլինիկական փորձեր՝ օգտագործելով դեղամիջոցներ կամ գենետիկական մեթոդներ՝ իրենց ուսումնասիրության մեջ հայտնաբերված միկրոանոթային որոշ փոփոխություններ վերացնելու համար: Կարեւոր է պարզել, թե արդյոք դա օգտակար կլինի կաթվածով հիվանդների համար:
«Մենք ստեղծել ենք գիտելիքների հարթակ եւ օգտագործում ենք այն։ Բայց մենք նաեւ հուսով ենք, որ այլ գիտնականներ կմիանան մեզ՝ մշակելու առաջին բուժման մեթոդները, որոնք ուղղված են կաթվածի ժամանակ միկրոշրջանառական ընթացքի հետ», - ասել է նա:






