Հորմոնների ընդհանուր չափաքանակը միայն էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգտագործման ժամանակ կարող է իջեցվել 92 տոկոսով, եւ 43 տոկոսով՝ այն դեղամիջոցների համար, որոնք պարունակում են միայն պրոտեստերոն, նշվել է PLOS Computational Biology ամսագրում հրապարակված հետազոտությունում, տեղեկացրել է WebMD պորտալը։
Հետազոտողների խոսքով՝ չափաբաժինները կարող են էլ ավելի նվազեցվել, եթե այդ հորմոնները համադրվեն։ Բայց հակաբեղմնավորիչ միջոցները պետք է օգտագործվեն կանանց դաշտանային ցիկլի որոշակի ժամանակում։
Քեսոն Սիթիի Դիլիման ֆիլիպինյան համալսարանի հետազոտողները եկել են իրենց այս եզրահանգմանը՝ օգտագործելով դաշտանային ցիկլի համակարգչային մոդելը եւ ավելացնելով իրական տվյալներ դաշտանային նորմալ ցիկլ ունեցող 20-34 տարեկան 23 կանանց հորմոնների մակարդակի մասին։
Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է էստրոգեն հակաբեղմնավորիչները հասցնել ֆոլիկուլյար փուլի մետջեղում։ Սա նորմալ դաշտանային ցիկլ ունեցող կանանց երկու փուլերից առաջինն է։
Ի՞նչ ազդեցություն է գործում հորմոնների նվազեցումը
Փորձագետների խոսքով՝ հետազոտությունն անցկացվում է այն ժամանակ, երբ դեղագործական ընկերություններն աստիճանաբար նվազեցնում են հակաբեղմնավորիչ միջոցների հորմոնների քանակությունը։
«Երկար տարիներ ի հաշիվ հորմոնալ հակաբեղմնավորիչների չափաբաժինների նվազման՝ հակաբեղմնավորումն ավելի անվտանգ է դարձել»,- ասել է հետազոտողներից մեկը՝ Բրենդա Լին Գավինան։ «Մեր հետազոտությունն առաջարկում է ձվազատման ճնշման միջոց։ Երբ ավելի շատ տվյալներ հասանելի լինեն, մեր մաթեմատիկական մոդելը կարող է միավորվել ֆարմակոկինետիկայի մոդելին՝ յուրաքանչյուր պացիենտի համար չափաբաժինների անհատական սխեմաներ ստանալու նպատակով։
Հորմոնների մակարդակի իջեցումն օգտակար կլինի առողջությանը, ասել է բժշկական գիտությունների դոկտոր, UTHealth Houston-ի Մակգովերնի բժշկական դպրոցի մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողական գիտությունների պրոֆեսոր Փամելա Բերենսը։ «Դա իջեցնում է ինչպես բարդությունների, այնպես էլ կողմնակի ազդեցությունների հավանականությունը»,- նշել է նա։
Հորմոնների բարձր չափաբաժինների բարդությունները ներառում են թրոմբների, սրտի նոպաների, թոքային էմբոլիայի եւ կաթվածի առաջացումը։ Հորմոնային հակաբեղմնավորիչների հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոցը, կաթնագեղձերի ցավը, որովայնի փքվածությունը եւ գրգռվածությունը։






