Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը եւ բարձրացնում է դրա բուժման արդյունավետությունը, ինչպես նաեւ հիվանդների կյանքի որակը, պարզել են Տուրկուի համալսարանի ֆին գիտնականները եւ Շվեդիայի Կարոլինի ինստիտուտի նրանց գործընկերները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Frontiers in Physiology եւ Scientific Reports ամսագրերում:
Երկու ուսումնասիրությունների ընթացքում ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են 28 հիվանդների տվյալները, որոնց մոտ վերջերս ախտորոշվել է լիմֆոմա եւ կրծքագեղձի նորագոյացություններ: Առաջին խմբի տարիքը կազմել է 20-ից 69 տարեկան, իսկ երկրորդի տարիքը՝ 37-ից 73 տարեկան։ Բոլոր մասնակիցնեորին խնդրել են հեծանիվի վրա տասը րոպե մարզվել: Պարապմունքից առաջ նրանցից արյան նմուշ են վերցրել․ մեկ անգամ պարապմունքներից առաջ եւ երկու անգամ՝ հետո։
Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունների ժամանակ լիմֆոմայով հիվանդների արյան մեջ ավելացել է ցիտոտոքսիկ T բջիջների եւ NK բջիջների քանակը։ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ սպորտով զբաղվելու արդյունքում ավելացել է լեյկոցիտների, միջանկյալ մոնոցիտների ընդհանուր թիվը։ Միեւնույն ժամանակ, ցուցանիշների փոփոխությունները արագ անցել են. վարժությունն ավարտելուց 30 րոպե անց հիվանդների մեծ մասի մոտ իմունային բջիջների թիվը վերադարձել է հանգստի վիճակին համապատասխանող մակարդակին:
Բացի այդ, հնարավոր է եղել բացահայտել երկու խմբերի ֆիզիկական ակտիվության ինտենսիվության եւ իմունային բջիջների քանակի միջեւ կապը: Այսպիսով, որքան բարձր են սրտամկանի կրճատման հաճախության եւ արյան ճնշման ցուցանիշները, այնքան ավելի շատ իմունային բջիջներ են ներթափանցում արյան մեջ:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մոտ տասը րոպե տեւողությամբ թեթեւ եւ չափավոր ինտենսիվությամբ մարզումները առաջացնում են իմունային բջիջների քանակի ավելացում, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի դեմ պայքարելու համար:






