Ոչ ինվազիվ բուժումը, որը կիրառվում է ծննդաբերության ցավերը մեղմելու համար, կարող է օգնել հետքովիդային համախտանիշ ունեցող պացիենտներին, պարզել են Նյուքասլի համալսարանի գիտնականները, որոնք փոփոխություններ են հայտնաբերել հետքովիդային համախտանիշի հետ կապված քրոնիկական հոգնածություն ունեցող մարդկանց նյարդային համակարգում։ Աշխատանքը հրապարակվել է Brain Communications-ում։
COVID-ից հետո որոշ մարդկանց մոտ առաջանում են երկարատեւ խնդիրներ, այդ թվում՝ հոգնածություն, ցավեր, դժվարություններ ուշադրությունը կենտրոնացնելիս եւ շնչառական խնդիրներ։ Հետազոտողները մի շարք վարքագծային եւ նեյրոֆիզիոլոգիական թեստեր են անցկացրել 37 մարդկանց վրա, որոնք տառապել են երկարատեւ COVID-ից, եւ համեմատել նրանց 52 առողջ մարդկանց հետ։ Նրանք հայտնաբերել են, որ քրոնիկական հոգնածություն ունեցող մարդկանց մոտ նկատվել է նվազած ակտիվություն նյարդային համակարգի երեք հատվածներում։
Դա հանգեցրել է վեգետատիվ նյարդային համակարգի անհավասարակշռության, որը կարգավորում է օրգանիզմի անգիտակից պրոցեսները, ներառյալ զարկերակային ճնշման եւ շնչառության հաճախակիության վերահսկողությունը։ Բացի այդ, մկանային հյուսվածքները քրոնիկական հոգնածություն ունեցող մարդկանց մոտ ավելի արագ են թուլացել, քան առողջների մոտ։
«Մենք գիտենք, որ շատ մարդիլ բախվել են քննադատության կամ անգամ անվստահության, երբ տեղեկացրել են երկարատեւ COVID-ի մասին։ Օբյեկտիվ թեստերի արդյունքների շեղումները ցույց են տալիս, որ հոգնածությունը երկարատեւ COVID-ի դեպքում չափակցելի վիճակ է, եւ այդ թեստերը կարող են ժամանակի ընթացքում օգնել մեզ հասկանալ, թե ինչպես են նյարդային համակարգի փոփոխությունները նպաստում քրոնիկական հոգնածության առաջացմանը»,- բացատրել են գիտնականները։
Նրանք արդեն սկսել են TENS սարքի թեստավորումը հետքովիդային համախտանիշ ունեցող մարդկանց վեգետատիվ նյարդային համակարգի խթանման համար։
Այդ ոչ ինվազիվ ականջակալ-սարքը խթանում է թափառող նյարդը ոչ մեծ էլեկտրական հոսանքների օգնությամբ։ Այժմ այն օգտագործում են ծննդաբերության ցավերը մեղմելու համար։






