Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները վերլուծել են կես միլիոն տղամարդկանց տվյալները եւ պարզել, որ ալկոհոլի օգտագործումը կարող է մեծացնել 60 հիվանդությունների զարգացման վտանգը, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով համապատասխան հետազոտությանը։
Միեւնույն ժամանակ, եթե մի շարք հիվանդություններ վաղուց հայտնի եւ ճանաչված էին ԱՀԿ-ի կողմից, օրինակ՝ լյարդի, աղիքների եւ ուղիղ աղիքի քաղցկեղը, ապա հայտնաբերված հիվանդությունների մեծ մասը նախկինում անհայտ է եղել։
60 հիվանդություններից 33-ը նախկինում երբեք չէին կապում ալկոհոլի օգտագործման հետ, դրանց թվում են՝ կոտրվածքները, թոքերի քաղցկեղը, ինչպես նաեւ արյան շրջանառության օրգանների հիվանդությունները, հոդատապը, կատարակտան, ստամոքսի խոցը, անհայտ էթիոլոգիայի բրոնխիտները, սրտի իշեմիան, արթրոզները եւ շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները։ Ընդ որում, նույնիսկ ալկոհոլի նվազագույն չափաբաժնի օգտագործումը կարող է հանգեցնել նման հետեւանքների։
Հետազոտողները ուսումնասիրել են չինական բազայի տվյալները, որոնք պարունակել են տեղեկություններ 12 տարեկանից բարձր 512 հազար տղամարդկանց եւ կանանց մասին, որոնց միջին տարիքը 52 է: Տվյալների բազայում մանրամասն տեղեկություններ են եղել Չինաստանի բնակիչների վատ սովորությունների մասին։
Տղամարդկանց մոտ մեկ երրորդը կանոնավոր կերպով ալկոհոլ է օգատգործել՝ առնվազն շաբաթը մեկ անգամ, մինչդեռ կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 2 տոկոս: Արդյունքում, կանանց օգտագործել են որպես հսկիչ խումբ՝ հաստատելու, որ տղամարդկանց մոտ հիվանդության բարձր վտանգը պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ եւ ոչ թե գենետիկական տարբերակների հետ կապված մեխանիզմով:
Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում եւ պարունակում են 60 հիվանդություններ, որոնց առաջացման վտանգը մեծացնում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը։






