Գաղտնիք չէ, որ յոգան եւ մեդիտացիան հանգստացուցիչ ազդեցություն են թողնում մարդու վրա: Սակայն, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, դրանք կարող են նաեւ համակարգչային կառավարման բարձր վարպետության հանգեցնել, հաղորդում է FoxNews-ը:
TECHNOLOGY ամսագրի կայքում հրապարակված հոդվածում տեղ գտած հետազոտական տվյալների համաձայն, Մինեսոտայի համալսարանականները մեկ տարի շարունակ՝ առնվազն շաբաթը երկու անգամ մեկական ժամ տեւողությամբ յոգայով կամ մեդիացիայով զբաղվող 12 կամավորների ընկալական կարողություններն են ուսումնասիրել՝ ի հակադրություն 24 միանգամայն առողջ մարդկանց, որոնք յոգայով կամ մեդիտացիայով զբաղվելու նվազագույն փորձ ունեն:
Գիտնականներին, մասնավորապես, կամավորների ուղեղի ակտիվության մակարդակն է հետաքրքրել, երբ վերջիններս ձախ եւ աջ ձեռքով համակարգչի մկնիկը էկրանով տեղաշարժելու հանձնարարությունն են կատարել:
Մի շարք փորձարկումների արդյունքում պարզվել է, որ յոգայով կամ մեդիտացիայով զբաղվող մարդիկ, ի տարբերություն համեմատական խմբում ներառվածների, երեք անգամ ավելի արագ են համակարգչային կառավարման հմտություններն ընկալում: Մասնավորապես, նրանց երկու անգամ ավելի հաճախ է հաջողվում հիշյալ բնույթի հանձնարարությունները 30 փորձի ընթացքում ի կատար ածել:
«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ուղեղի վրա որոշակի ազդեցությամբ հնարավոր է հմտությունների ձեւավորման վաղ փուլում ուղեղ-համակարգիչ փոխհարաբերության համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքները նվազագույնի հասցնել» - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, կենսաբժշկական ինժեներիայի պրոֆեսոր դոկտոր Բին Հե-ն:
Գիտնականների համոզմամբ, հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել այն մասնագետների համար, որոնք միայն մտավոր ուժի օգնությամբ անվասայլակներ կամ արհեստական վերջույթներ կառավարելու ընդունակ հաշմանդամներին օգնելու միջոցներ են փնտրում:
«Մեր գլխավոր նպատակն այն է, որ կաթվածահար կամ ուղեղի հիվանդություն ունեցող մարդկանց շարժունակությունն ու անկախությունը վերադարձնելու հնարավորություն ընձեռենք: Հարկավոր է բոլոր հնարավորությունները գործի դնել՝ հետազոտության արդյունքում ձեռք բերված տվյալների հնարավոր շահառուների թիվն առավելագույնի հասցնելու համար», - ամփոփել է դոկտոր Հե-ն:






