ԱՄՆ հետազոտողները պարզել են, որ վաղաժամ մահվան հավանականությունը չի տարբերվում նորմալ քաշ եւ ճարպակալման թեթեւ ձեւ ունեցող մարդկանց պարագայում։ Գիտնականների եզրահանգումները հրապարակվել են PLoS One գիտական ամսագրի հոդվածում։

«Գոյություն ունեն մի քանի պատճառներ, թե ինչու են մարմնի զանգվածի մեծ ինդեքս (25-35 կետ) ունեցող պացիենտները նույնքան հազվադեպ մահանում, որքան եւ նորմալ քաշ ունեցող մարդիկ։ Նրանք, մասնավորապես, կարող են ավելի լավ տանել ծանր վարակները եւ վնասվածքները, իսկ նիհար մարդիկ կարող են ավելի հաճախ տառապել դիաբետի ծանր ձեւերով, հիպերտոնիայով եւ քրոնիկական այլ հիվանդություններով, որոնք ավելի վատ են ենթարկվում բուժման, քան մարմնեղ մարդիկ»,- գրել են հետազոտողները։

Այսպիսի եզրահանգման է եկել Նյու Բրունսվիքի Առողջության ոսումնասիրման Ռատգերյան ինստիտուտի գիտաշխատող Այուշա Վիսարիի գլխավորած գիտական խումբը։ Գիտնականներն այս հայտնագործությունն արել են ԱՄՆ սոցիալական եւ բժշկական ծառայությունների 1999-2018թթ. տվյալներն ուսումնասիրելով NHIS նախագծի շրջանակում։

Հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ ավելի քան 550 հազար մեծահասակ բնակիչների առողջության տվյալները։ Նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե ինքան հաճախ են մահացել հետազոտության մասնակիցները, տառապել են արդյոք նրանք քրոնիկական տարբեր հիվանդություններից, վնասակար սովորություններից եւ ավելորդ քաշից։ Դիտարկումների ամբողջ ընթացքում մահացել է NIHS-ի ավելի քան 75,8 հազար մասնակից։ Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է կամավորների մարմնի ինդեքսն ազդել նրանց մահվան հավանականության վրա նախագծի աշխատանքի երկու տասնամյակի ընթացքում։

Ի հեճուկս հետազոտողների սպասելիքների՝ նրանց կատարած հաշվարկները ցույց են տվել, որ վաղաժամ մահվան հավանականությունը բոլոր պատճառներից մոտավորապես նույնն էր NHIS-ի բոլոր մասնակիցների համար, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը չէր գերազանցել 35 կետը միջին եւ տարեց տարիքի մարդկանց, եւ 30 կետը՝ երիտասարդների համար։ Նորմալ է համարվում 18,5-24,4 մարմնի զանգվածի ինդեքսը։

Դա միանման ձեւով բնութագրական էր թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ինչպես նաեւ հանրային, էթնիկական եւ տնտեսական տարբեր կարգի բնակիչների համար։

Հեղինակների կարծիքով՝ այս արդյունքները կասկածի տակ են դնում տարածված պատկերացումներն այն մասին, որ ավելորդ քաշի եւ ճարպակալման ցանկացած ձեւ ինքնին բարձրացնում է անհատի վաղաժամ մահվան հավանականությունը։ Հաջորդ դիտարկումներն ու փորձերը, ինչպես կարծում են գիտնականները, կօգնեն հասկանալ, թե ինչն է պաշտպանում ճարպակալման համեմատաբար թեթեւ ձեւ ունեցող մարդկանց հիպերտոնիայի, դիաբետի եւ քրոնիկական այլ հիվանդությունների առաջացման վտանգից՝ կապված ավելորդ քաշի հետ։

Վերջին չորս տասնամյակում ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց թիվը սրընթաց աճում է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ գնահատականներով՝ ճարպակալում ունեցող մարդկանց թիվն ավելացել է երեք անգտամ՝ 1975թ. համեմատ, իսկ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց եւ կանանց թիվը անցած տասնամյակի վերջին հասել է մոտ 2 մլրդ մարդու։