Շերբրուքի համալսարանի (Կանադա) հետազոտողները պարզել են, որ 13 տարեկան աղջիկները, որոնք ավելի շատ ժամեր են անցկացրել ինտերնետում, 15 տարեկանում ունեցել են դեպրեսիայի առաջացման միտում։ Նույն կերպ 15 տարեկանում ցանցում երկար ժամանակ գտնվելը կապված է եղել դեպրեսիայի ավելի վառ արտահայտված ախտանշանների հետ 17 տարեկանում՝ աղջիկների պարագայում։ Տղաների մոտ նման ասոցիացիաներ չեն եղել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում։

Դեպրեսիվ խանգարումը (որն անվանվում է նաեւ դեպրեսիա) հոգեկան առողջության խանգարման տարածված ձեւ է։ Այն բնութագրվում է ճնշված տրամադրության երկարատեւ շրջաններով կամ հետաքրքրության կորստով սովորական գործունեության հանդեպ, կամ դրանից բավականություն ստանալու կորստով։

Դեռահասային տարիքը վճռական շրջան է, քանի որ այն անձինք, որոնք դեպրեսիայի ախտանշաններ ունեն այդ ընթացքում, ավելի շատ են հակված լուրջ դեպրեսիվ խանգարում ունենալ ավելի մեծ տարիքում։

Հետազոտողներն ուսումնասիրել են երեխայի զարգացման Քվեբեկի լոնգիթյուդ հետազոտության տվյալները (QLSCD), հետազոտությունն անցկացվել է 1998-2018թթ. ընթացքում։ Այդ հետազոտությանը ներառված են եղել 1 547 երեխաներ, որոնք ծնվել են 1997-1998թթ.։ Բոլոր մասնակիցները տեղեկացրել են այն մասին, թե որքան ժամանակ են անցկացրել ինտերնետում, ինչպես նաեւ անցել են թեստ դեպրեսիայի ախտանշանների ուժի գնահատման համար։