Բնական եթերներով արոմաթերապիան կարող է 226 տոկոսով բարելավել կոգնիտիվ ունակությունները վերահսկիչ խմբի համեմատ, պարզել են Իրվինի (ԱՄՆ) Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Neuroscience ամսագրում։
60-85 տարեկան 43 մարդու պատահական սկզբունքով բաժանել են խմբերի, մեկին տրամադրել են բարձր խտությամբ եթերայուղերի քարթրիջներ, մյուսին՝ վերահսկիչ խմբին, աննշան քանակությամբ արոմատիկ նյութերով քարթրիջներ։ Փորձի ժամանակ օգտագործել են վարդի, նարնջի, էվկալիպտի, կիտրոնի, անանուխի, ծիտրոնի եւ նարդոսի յուղեր։ Տեղադրվելուց հետո դիֆուզորները տարածում էին տարբեր բույրեր յուրաքանչյուր գիշեր երկու ժամվա ընթացքում, վեց ամիս շարունակ, իսկ շաբաթը մեկ անգամ բույրը փոխում էին։ Դիտարկման սկզբում եւ վերջում մասնակիցներին գնահատում էին ՄՌՏ-ի օգնությամբ, ինչպես նաեւ անցկացրել են նրանց նեյրոհոգեբանական թեստավորում։
Հեղինակները նշել են, որ ըստ հիշողության թեստի արդյունքների՝ բարձր խտությամբ յուղեր շնչող խմբի մարդկանց մոտ 226 տոկոսով բարձրացել են կոգնիտիվ հմտությունները վերահսկիչ խմբի համեմատ։ ՄՌՏ արդյունքներով վիզուալացումը ցույց է տվել ուղեղի ավելի լավ աշխատանք այն տեղամասում, որը պատասխանատու է որոշումներ կայացնելու համար։ Փորձարկվողները նաեւ տեղեկացրել են, որ իրենց քունն ավելի ամուր է դարձել։
Հոտառության եւ ուղեղի աշխատանքի կապի մասին վաղուց է հայտնի։ Օրինակ, հոտառության կորուստը կարող հուշել մոտ 70 նյարդաբանական եւ հոգեկան հիվանդությունների առաջացման մասին, ներառյալ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, շիզոֆրենիան եւ ալկոհոլիզմը։






