Սրտի վիրահատության ենթարկված մարդկանց սրտի հյուսվածքներում հայտնաբերվել է միկրոպլաստիկ։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Environmental Science & Technology ամսագրում։
Միկրոպլաստիկը հինգ միլիմետրից պակաս լայնություն ունեցող պլաստիկի կտորներ են։ Դրանք կարող են հայտնվել մարդկանց օրգանիզմում բերանով, քթով եւ մարմնի այլ խոռոչներով։ Սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե արդյոք միկրոպլաստիկը կարող է հայտնվել մարդկանց ներքին օրգաններում, այդ թվում սիրտ-անոթային համակարգում, եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ առողջության վրա։
Փորձի ընթացքում գիտնականները հավաքել են 15 մարդու սրտի հյուսվածքի նմուշներ սրտի վիրահատությունների ժամանակ, ինչպես նաեւ հետազոտության մասնակիցների կեսի արյան նմուշներ վիրահատությունից առաջ եւ հետո։ Նմուշները հետազոտվել են ինֆրակարմիր դիապազոնում, ուղիղ լազերային վիզուալացման օգնությամբ, որը թույլ է տվել նույնականացնել պլաստիկի ութ տեսակի 20-ից 500 միկրոմետր մասնիկները, ներառյալ պոլիէթիլենտերեֆտալատը, պոլիվինիլքլորիդը եւ պոլիմեթիլմետակրիլատը։
Հյուսվածքների նմուշների մեծ մասում միկրոպլաստիկի մասնիկների թվաքանակը տատանվել է տասից մինչեւ հազար։ Արյան բոլոր նմուշները նույնպես պարունակել են պլաստիկի մասնիկներ, բայց վիրահատությունից հետո դրանց միջին չափը փոքրացել է, իսկ պլաստիկի տեսակների քանակը՝ ավելացել։ Այսպիսով, ինվազիվ միջամտություններն օրգանիզմ միկրոպլաստիկի թափանցման չհաշվառված ուղի են, որն ապահովում է ուղիղ հասանելիություն արյան շրջանառությունում եւ ներքին հյուսվածքներում։






