Ամերիկացի գիտնականները գենային թերապիա են մշակել, որը ճնշում է ալկոհոլիզմի ծանր ձեւերի զարգացումը եւ, միեւնույն ժամանակ, չի ազդում այլ իրավիճակներում վարքի վրա: Թերապիան հաջողությամբ փորձարկվել է կապիկների վրա, հայտնում է Օհայոյի պետական համալսարանի բժշկական կենտրոնը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

«Այս գենային թերապիան նպատակ ունի պայքարել քրոնիկ ալկոհոլի օգտագործման ժամանակ մարդկանց եւ պրիմատների ուղեղում դոպամինի ընկալիչների աշխատանքի փոփոխությունների դեմ: Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ այդ թերապիան ի վիճակի է կանխել ռելապսը ՝ առանց հիվանդների կողմից դեղերի երկարատեւ ընդունման»,-ասել է պրոֆեսոր Քրիստոֆ Բանկեւիչը։

Գենային թերապիա ալկոհոլիզմի դեմ

Աշխատանքի հեղինակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է GDNF արտադրող գլիալ բջիջների ակտիվության նվազմանը։ Սա առաջացնում է դոպամինի ընկալիչների խափանումներ, որոնք մարդկանց եւ պրիմատների ուղեղի  կարեւոր մաս են: Արդյունքում ալկոհոլից հրաժարված անձն անընդհատ կրկին ալկոհոլ օգտագործելու ցանկություն է ունենում։

Հետազոտության համար կապիկները բաժանվել են երկու խմբի։ Մի խումբն անցել է գենային թերապիա, իսկ մյուսին  տվել են աղի լուծույթ, եւ հետո գիտնականները նկատել են, թե ինչպես է կենդանիների վարքը փոխվում ալկոհոլի հասանելիության երկար բացակայության դեպքում:

Փորձը ցույց է տվել, որ գենային թերապիան կտրուկ նվազեցրել է մակակների ՝ ալկոհոլի հանդեպ ցանկությունը արդեն առաջին շաբաթներին։ Դրա արդյունքում պրիմատները չափազանց հազվադեպ են սկսել նորից ալկոհոլ խմել։