Հյուծիչ շոգը կյանքի փաստ է ամերիկյան բանտերում, որտեղ չկա օդորակիչ, եւ դա լրջորեն անդրադառնում է բանտարկյալների հոգեկան առողջության վրա։

Նոր հետազոտության համաձայն, երբ ջերմաստիճանը փողոցում հասնում է Ֆարենհեյթի 90 եւ ավելի աստիճանի, ինքնասպանության վտանգը բանտերում ավելանում է 36 տոկոսով՝ 60 աստիճան շոգի համեմատ, գրել է UPI-ն։

Այս եզրակացությունն արվել է ԱՄՆ-ում ամենամեծ նահանգներից մեկի՝ Լուիզիանայի բանտային համակարգի ուսումնասիրության հիման վրա։ Այն ներառվել է դատավարություններում՝ օդորակիչների բացակայության եւ ծայրահեղ շոգի պատճառով։

«Բանտերի շատ շինություններ, որտեղ բանտարկյալներն ուտում են, աշխատում եւ քնում, օդորակիչներ չունեն»,- ասել է հետազոտության հեղինակ Դեւիդ Կլաուդը, որը ղեկավարել է հետազոտությունը՝ լինելով Ատլանտայի Էմորի համալսարանին կից Հանրային առողջապահության դպրոցի դոկտորանտ։

Կլաուդի խոսքով՝ այս խնդիրը հատկապես սուր է ամերիկյան հարավում։ Նա նշել է, որ չնայած ծայրահեղ շոգը վտանգավոր է ցանկացած մարդու համար ցանկացած պայմաններում, բանտարկյալները, սակայն, հատկապես խոցելի են, բայց նրանք ելք չունեն։

Ծայրահեղ շոգի այդ ազդեցությունը զուտ անհարմարավետ չէ, ընդգծել է նա։ Այն կարող է խախտել ինքնազովացման եւ անվտանգ գոտում ջերմաստիճանը պահելու օրգանիզմի ունակությունը։

Ծայրահեղ դեպքերում այդ պրոցեսի, որը կոչվում է ջերմակարգավորում, խախտումը  կարող է հանգեցնել մահացու հետեւանքների։ Բայց այդ դեպքում եւս ազդեցությունը հոգեկան առողջության վրա կարող է զգալի լինել, եւ մարդն իրեն ավելի «տկար, գրգռված եւ փոքր-ինչ ճնշված կզգա»,- նշել է Կլաուդը։