Ինսուլտից հետո էպիլեպսիայի հավանականությունը գնահատելու համար Օրհուսի համալսարանի կլինիկական բժշկության ինստիտուտի նյարդաբանները վերլուծել են Դանիայի 88 հազար բնակիչների տվյալները, որոնք ինսուլտ են տարել 2004-2016 թվականներին։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են էպիլեպսիայի ամերիկյան ընկերության տարեկան զեկույցում, հաղորդում է Medscape-ը:
Հիվանդներից ոչ մեկի մոտ նախկինում էպիլեպսիա չի ախտորոշվել: Հետազոտության մասնակիցների միջին տարիքը կազմել է 69,8 տարեկան։ Նրանց կեսը տղամարդիկ են։ Հիվանդների մեծ մասը իշեմիկ ինսուլտ է տարել, մյուս մասը՝ անցողիկ իշեմիկ նոպա եւ հեմոռագիկ ինսուլտ։
Ուսումնասիրության ընթացքում էպիլեպսիա է հայտնաբերվել 3,4 հազար հիվանդի մոտ։ Այս հիվանդության զարգացման ամենաբարձր ռիսկը եղել է ծանր հեմոռագիկ ինսուլտից հետո մեկ տարվա ընթացքում՝ 9,8%:
Հատկանշական է, որ հետագա տարիներին էպիլեպսիայի զարգացման հավանականությունը նվազել է բոլոր խմբերում, բայց ամբողջությամբ չի վերացել։
«Զարմանալի է, որ նույնիսկ չորս տարի անց զգալի ռիսկը պահպանվում է»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Մեդս Էբեսենը։






