Հիվանդությունների զարգացման հերթականությունը կարող է ազդել մարդու կյանքի տեւողության վրա։ Այս մասին The Conversation-ին պատմել է Սուոնսիի համալսարանի վիճակագրության պրոֆեսոր Ռիանոն Օուենը։ 

Գիտնականները վերլուծել են ավելի քան 1,6 միլիոն՝ 25 տարեկանից բարձր հիվանդների տվյալները՝ փսիխոզով, շաքարային դիաբետով և սրտային անբավարարությամբ: Նրանց հետեւել են մոտ 20 տարի։ Այս հիվանդությունները միասին կարող են հանգեցնել կյանքի տեւողության զգալի կրճատման։

Գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ այս հիվանդությունների առաջացման հաջորդականությունն ազդել է նրանց կյանքի երկարության վրա:

Մարդիկ, ում մոտ զարգացել է շաքարային դիաբետ, այնուհետև փսիխոզ, իսկ հետո՝ սրտի անբավարարություն, ունեցել են կյանքի տեւողության ամենամեծ կորուստը՝ միջինը մոտ 13 տարի: Նրանք նաև ունեին հաջորդ երկարատև հիվանդությունը զարգացնելու ավելի բարձր ռիսկ՝ իրենց վերջին ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում:

Այնուամենայնիվ, նոր վիճակի զարգացումը միշտ չէ, որ նվազեցնում է կյանքի տեւողությունը: Օրինակ՝ փսիխոզով և շաքարային դիաբետով ախտորոշված ​​մարդկանց կյանքի տեւողությունն ավելի բարձր է եղել, քան միայն փսիխոզով ախտորոշվածներինը: Այս դեպքում՝ վիճակների զարգացման կարգը նշանակություն չուներ։ Հեղինակները կարծում են, որ շաքարային դիաբետի համար բժշկի մոտ պարբերաբար ստուգումները կարող են երկարացնել այլ հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքը:

Սրտի անբավարարությունը, պարզվում է, ամենավտանգավոր վիճակն է: Ինքնին և փսիխոզի հետ միասին (ցանկացած կարգով) այն նույն ազդեցություն է ունեցել կյանքի տեւողության վրա, ինչ դիաբետի, փսիխոզի և սրտի անբավարարության վատթարագույն համակցությունը (այդ հերթականությամբ):

Սա առաջին հետազոտությունն է, որն ուսումնասիրում է, թե ինչպես է քրոնիկական հիվանդությունների զարգացման հաջորդականությունն ազդում մարդու կյանքի տեւողության վրա։ Ապագա ուսումնասիրությունները կարող են գնահատել սկրինինգային ծրագրերի և միջամտությունների ազդեցությունը կյանքի երկարացման վրա:

Մեծ Բրիտանիայում մեծահասակների ավելի քան 25%-ն ունի երկու կամ ավելի քրոնիկ հիվանդություններ: Այս ցուցանիշը բարձրանում է մինչև 65% 65-ից բարձր մարդկանց համար և գրեթե 82%՝ 85 և բարձր տարիքի մարդկանց համար: