Ուղեղի հիշողությունը եւ ախորժակը կարգավորող շղթաների միջեւ կապերի խախտումն ազդում է մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) վրա, հատկապես չափից շատ ուտող մարդկանց մոտ։ Այսպիսի եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։ Նրանց եզրահանգումները հրապարակվել են Nature ամսագրում։
Աշխատանքի ընթացքում հեղինակներն ուսումնասիրել են այն մարդկանց ՄՌՏ-ն, որոնց ավելի վաղ սքանավորել էին էպիլեպսիայի մոնիթորինգի բաժանմունքում։ Պացիենտների մոտ նկատել են ուղեղի ակտիվություն, իսկ հետո նրանց տվել են քաղցր ըմպելիք (շոկոլադով կաթի կոկտեյլ)։ Պարզվել է, որ փորձարկվողների մոտ միաժամանակ ակտիվացել են ճակատային կեղեւը եւ լատերալ հիպոթալամուսն այն պահին, երբ մասնակիցները սպասում էին սնունդ ստանալուն։ Առաջին հատվածը պատասխանատու է հիշողության, երկրորդը՝ ախորժակի համար։
Ճարպակալում ունեցող մասնակիցների մոտ նկատվել է ուղեղի այդ երկու հատվածների միջեւ կապի խախտում, ընդ որում՝ այն ուղիղ համամասնական է եղել նրանց ՄԶԻ-ին։ Դա նշանակում է, որ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի վատ են վերահսկում եւ կարգավորում հուզական ռեակցիաները՝ սնունդ ստանալուն սպասելիս։
Հետագա փորձարկումը ներառել է ուղեղի հյուսվածքի ուսումնասիրությունը։ Այն ցույց է տվել, որ ճակատային կեղեւում եւ լատերալ հիպոթալամուսում կուտակվում է մելանին՝ հորմոն, որը կարգավորում է սննդային վարքը։
Հեղինակներն ընդգծել են, որ չափից շատ ուտելն ու դրա հետեւանքով առաջացած ճարպակալումը կախված են ո՛չ կամքի ուժի անբավարարությունից։ Այդպիսի պացիենտները թերապեւտիկ ազդեցության կարիք ունեն, որը կօգնի վերականգնել կապի խախտումները նրանց ուղեղում։ Մինչ այդ հիպոկամպը երբեք չի դիտարկվել որտես հատված, դեպի որը կարելի է ուղղել բուժումը։






