Գիտնականները հաջողությամբ ավարտել են պերորալ թերապիայի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, որը ներառել է կվերցետին եւ դազատինիբ դեղամիջոցները Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններ ունեցող եւ վաղ փուլում գտնվող պացիենտների համար, գրել է Nature Medicine ամսագիրը։
Ծերանալու պրոցեսում բջիջները կորցնում են նորմալ գործելու ունակությունը, բայց եւ չեն մահանում՝ տարբեր նյութեր արձակելով, որոնք խախտում են հարեւան բջիջների աշխատանքը եւ խթանում բորբոքումը։ Դրանցից կարող են ազատել սենոլիտիկ մոլեկուլները, բայց առայժմ ոչ մեկը արդյունավետություն չի ցուցաբերել կլինիկական փորձարկումներում։
Նոր հետազոտությանը մասնակցել է 65 եւ ավելի բարձր տարիքի հինգ մարդ, որոնք ունեցել են Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլի ախտանշաններ։ Նրանք ստացել են սենոլիտիկ թերապիայի մի քանի կուրս 12 շաբաթվա ընթացքում։ 11 զննումների ժամանակ պացիենտներն անցել են բուժզննում, հանձնել անալիզներ եւ կատարել մտավոր ունակությունների թեստեր ըստ Մոնրեալի կոգնիտիվ սանդղակի (MoCA)։
Գիտնականները հաստատել են, որ դազատինիբը թափանցել է մասնակիցների կենտրոնական նյարդային համակարգ։ Շաբաթը երկու անգամ բուժումը 35 տոկոսով իջեցրել է նեյրոֆիբրիլյար թնջուկների կուտակումը պացիենտների ուղեղում, ինչը հարաբերակցվել է գլխուղեղի կեղեւի աթրոֆիայի դանդաղման եւ դրանում արյան հոսքի բարելավման հետ։ Նեյրոֆիբրիլյար թնջուկների կուտակումը Ալցհեյմերի հիվանդության կարեւոր նշաններից մեկն է։
Սենոլիտիկ թերապիան լավ է անցել, առանց լուրջ կողմնակի ազդեցությունների։ Կոգնիտիվ ֆունկցիաների վիճակը եւ ուղեղի լուսանկարները չեն տարբերվել ելակետայիններից բուժումից հետո, ինչը հաստատում է թերապիայի անվտանգության մասին։ Հետագա հետազոտությունները կօգնեն ավելի ճիշտ գնահատել բուժման արդյունավետությունը եւ պարզել դրա օպտիմալ ռեժիմը։






