Կոլումբիայի համալսարանի (CU) գիտնականները պարզել են, որ կանեփ (մարիխուանա) եւ ծխախոտ օգտագործողներից շատերի օրգանիզմում բարձր են կադմիումի, սնդիկի եւ անագի մակարդակները։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Health Perspectives ամսագրում։

Կանեփն ամբողջ աշխարհում առավել հաճախ օգտագործվող թմրանյութերից է։ Այն համարվում է հողի, ջրի եւ պեստիցիդների մեջ պարունակվող մետաղներ, պարարտանյութեր կլանող։ Մետաղների բարձր խտություններ են հայտնաբերվել կանեփի չզտված ծխի եւ վեյփինգի սարքերի մեջ։

Նոր հետազոտությունում հավաքվել են NHANES հետազոտության տվյալները, դրանք հավաքվել են 2005-2018թթ.։ 70 190 մասնակիցներից 10 921-ը տրամադրել է տվյալներ մետաղների մասին, որոնք եղել են նրանց արյան եւ մեզի նմուշների մեջ։ Վերջնական ուսումնասիրության մեջ ներառել են  18-ից բարձր տարիքի 7 254 մասնակցի։

Կանեփի մշտական օգտագործողների արյան եւ մեզի մեջ կադմիումի, սնդիկի եւ անագի մակարդակներն ավելի բարձր են եղել, հատկապես նրանց մոտ, ովքեր թմրանյութն օգտագործել են յոթ օր մինչեւ կենսանմուշների հավաքումը։

Կադմիումի մակարդակները զգալիորեն բարձր են եղել ծխախոտ օգտագործողների մոտ։ Այդ տարբերությունը կարող է կապված լինել օգտագործման տարբեր հաճախակիության կամ մետաղի տարբեր աստիճանի կուտակման տարբերությունների հետ ծխախոտի եւ կանեփի բույսերում։

Կանեփ օգտագործող կանանց օրգանիզմում կադմիումի մակարդակն ավելի բարձր էր, քան տղամարդկանց։ Միայն ծխախոտի օգտագործումը նույնպես կապված էր ծարիրի (սուրմա), բարիումի, կադմիումի, անագի, վոլֆրամի եւ ուրանի ավելի բարձր խտությունների հետ։

Ապագայում անհրաժեշտ է գնահատել այդ մետաղների երկարաժամկետ ազդեցությունը մարդու առողջության վրա։ Անհրաժեշտ է նաեւ հետազոտել կանեփի այլ «աղտոտիչների» առկայությունը՝ հասկանալու համար դրանց ազդեցությունը կանեփ օգտագործողների առողջության վրա, նշել են գիտնականները։